Դրեյփերի համալսարանում ուսանելու կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 13-ին, և 109 ներկայացված հայտերից հաղթող էին ճանաչվել 5 ձեռներեցներ իրենց նախագծերով (Կարեն Շահնազարյան «Forge Fiction», Սվետլանա Ջաղացպանյան «ForestGuard», Կարեն Նիկողոսյան «Swap», Լուսինե Մագաուզյան «oores», Հակոբ Թումանյան «Yolo»): Նրանց տրամադրվել էին 100% ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից փոխհատուցվող կրթաթոշակներ:
Եվս 3 գաղափարի հեղինակների հաճելի անակնկալ էր մատուցել Դրեյփերի համալսարանը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունն ու գաղափարների զարգացման ներուժը՝ Կարեն Խաչիկյանը «Robin» Ռուբեն Համբարձումյանը «Cerebrus», Հայկ Բադալյանը «Garoon» ևս ստացան կրթաթոշակներ 50%֊ի չափով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցելու վերջիններիս կրթաթոշակի մնացյալ 50%-ը, ինչի արդյունքում 8 ձեռներեցներն էլ կստանան ուսման և ճանապարհածախսի 100% փոխհատուցում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և հիշեցրել, որ 2020թթ․ Դրեյփերի համալսարանում սովորելու համար եւս 2 անգամ մրցույթ կհայտարարվի:
Դրեյփերի համալսարանի մասին.
7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում (https://www.draperuniversity.com), որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։
Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով: