Արարատ Միրզոյանը ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին խնդրել է պատրաստվել հնարավոր հատուկ նիստին
Advertisement 1000 x 90

Արարատ Միրզոյանը ԱԺ պատգամավորներին և աշխատակազմին խնդրել է պատրաստվել հնարավոր հատուկ նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի պատգամավորներին ու աշխատակազմին խնդրել և հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ հատուկ նիստին, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Զրուցեցի ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրեցի ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ ԱԺ աշխատակազմին ևս հրահանգեցի պատրաստվել հնարավոր նիստին»,- գրել է Միրզոյանը:

Ազգային ժողովի հատուկ նիստը կհրավիրվի այն դեպքում, եթե կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնի:

Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարության արտահերթ նիստը կկայանա մարտի 16-ին, ժամը 15:00-ին:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է հատուկ նիստ գումարելու վերաբերյալ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը.

Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը

  1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
  2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:
  3. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր.

2) հարակից զեկուցում չի լինում.

3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

  1. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝

1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.

2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:



Նման նյութեր