Բոլոր արտասահմանցի մարզիչներն էլ Հայաստանի հավաքականում տապալվել են. Սուրեն Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

Բոլոր արտասահմանցի մարզիչներն էլ Հայաստանի հավաքականում տապալվել են. Սուրեն Բաղդասարյան

«Կապարոսը մարզչական կարիերայի ընթացքում լուրջ հաջողությունների չի հասել, սակայն մարզել է իսպանական Լա-լիգայի թիմեր, ինչը խոսում է նրա բարձր կարգի մասին»,- նման կարծիք հայտնեց ֆուտբոլային հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը` Armsport-ի հետ զրույցում:

Սուրեն Բաղդասարյանի խոսքով ինքը հակված էր տեղացի մարզիչ նշանակելուն, սակայն սա էլ վատ տարբերակ չէր. «Ես ինքս էլ հակված եմ,  որ հավաքականի մարզիչը լինի տեղացի: Միշտ էլ եղել են  արտասահմանցի մարզիչներ, որոնք հայտնի չեն եղել եւ բոլորն էլ մեծ հաջողությամբ տապալվել են: Մի կողմից էլ լավ է, որ նշանակվել է հանրահայտ մարզիչ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կտա մեր հավաքականին Կապարոսը: Ճիշտ է, նա մեծ հաջողությունների չի հասել մարզչական կարիերայի ընթացքում, սակայն  գլխավորել է Լա-լիգայի տարբեր թիմեր. դա արդեն խոսում է նրա բարձր կարգի մասին:  Բացի այդ,  բազմաթիվ ֆուտբոլիստների է ի հայտ բերել, որոնք այսօր համաշխարհային մակարդակի են»:

Սուրեն Բաղդասարյանը նաև նշեց, որ առաջնահերթ պետք է լավ ֆուտբոլիստներ ունենալ, հետո նոր մտածել  բարձրակարգ մարզչի մասին. «Ֆուտբոլասերները անընդհատ բողոքում են, ցանկանում էին  անվանի մարզիչ բերել: Տարիների փորձը ցույց  է տվել, որ մարզիչը ինչքան էլ լավ մասնագետ լինի, չի կարող արդյունքի հասնել, եթե տրամադրության տակ չունի լավ ֆուտբոլիստներ: Ամեն դեպքում, մենք պետք է ունենանք լավ հավաքական, հետո նոր մտածենք բարձրակարգ մարզչի մասին, ով կկարողանա խաղին ձեռագիր հաղորդել: Այսօր մենք չունենք այդ հավաքականը: Ես էլ եմ մեծ հետաքրքրությամբ սպասում, թե նա ինչ կարող է տալ մեր ֆուտբոլին»:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն իսպանացի Խոակին Կապարոսի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին հայտնեց այսօր: Կողմերի միջեւ կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

armsport.am