Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանց առողջական վիճակը բավարար է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանցից 38 աստիճանից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 անձ: 39-ից բարձր ջերմություն ունեցող չկա: 37-ից բարձր ջերմություն ունեն 34 մարդ:
«60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, որոնցից ոչ մեկի ջերմությունն այս բարձրերի մեջ չի մտնում: Կարող եմ ասել, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին՝ նախարարն ասաց, որ Չինաստանում օջախները կարողացել են մարել, երեկ Չինաստանում նույնիսկ մեկ նոր դեպք չի արձանագրվել: «Սակայն բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, արդեն 10 հազարի է հասնում, մահերի թիվը մոտենում է 3 հազարի: Ցավալի է, բայց մահացողների մեծ մասը մեծ տարիքի անձինք են: Համաճարակը բավականին լայն թափով ամբողջ աշխարհում տարածվում է»,- ասաց նախարարը: