Կոտայքի մարզում արտակարգ դրության պայմանները ստուգելու նպատակով դեպքի վայր մեկնող ոստիկանության «Վիլիսը» կողաշրջվել է. ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կոտայքի մարզում արտակարգ դրության պայմանները ստուգելու նպատակով դեպքի վայր մեկնող ոստիկանության «Վիլիսը» կողաշրջվել է. ոստիկանները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում «Ուազ» մակնիշի 080 II 03 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հացավան-Գառնի ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գառնու բժշկական ամբուլատորիայի բժիշկներն ու ոստիկանության Գառնու բաժանմունքի ծառայողները։

Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ուազ»-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը կանչով մեկնում էին Գառնի գյուղ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com