ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուսումնական վարձերի հետ կապված գրություն է ուղարկել հանրապետության բուհերի ռեկտորներին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ նախարարը մանրամասներ է ներկայացրել:
«Ռեկտորներին ուղարկված գրության մեջ ասվում է, որ հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը, առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում»,-նշել է նախարարը: