Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է որպես «երբեք չքնող քաղաք», այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի բոլոր հիսուն նահանգներում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի կեսից ավելին արձանագրվել է հենց այս քաղաքում:
Նյույորքցիները մարտի 22-ից տանն ինքամեկուսացման մեջ են, բացառությամբ էական նշանակություն ունեցող աշխատանքներ իրականացնողների:
Ամերիկյան նավատորմին պատկանող USNS Comfort հիվանդանոցային նավը, որն ապահովում է հազար մահճակալ, երկուշաբթի օրը խարիսխ նետեց Մանհեթենի նավահանգստում: Այստեղ բուժվելու են կորոնավիրուս վարակ չունեցող հիվանդները, վիրահատական միջամտության կարիք ունեցողները, նաև նրանք, ովքեր առողջական ծանր վիճակում են: Նյու Յորքում հիվանդանոցները լի են կորոնավիրուսով վարակված անձանցով: ԱՄՆ-ում այս վարակից մահացածների մեկ երրորդը գրանցվել է Նյու Յորքում:
Հիվանդանոցների մոտ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են հիվանդանոցի աշխատակիցները դիապարկերի մեջ դրված մարդկային դիակները բեռնում բեռնատարները:
Ինչպես Նյու Յորքի նահանգապետ Էնդրու Քուոմոն նշել է, մեկ օրվա ընթացքում քաղաքում հայտնաբրվել է հիվանդության նոր 7000 դեպք:
Ըստ կանխատեսումների՝ հիվանդության տարածման գագաթնակետն այստեղ հասնելու է մի քանի շաբաթից: