Կարանտինային ժամանցի լավագույն տարբերակը․ առաջարկում է պատգամավոր Մխիթար Հայրապետյանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարանտինային ժամանցի լավագույն տարբերակը․ առաջարկում է պատգամավոր Մխիթար Հայրապետյանը

Կարդացե՛ք, դիտե՛ք, լսե՛ք ու երազե՛ք…

Ի՞նչ կարդալ այսօր

Ի՞նչ դիտել այսօր

Ի՞նչ լսել այսօր

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը առաջարկում է այս օրերին ժամանցի իր տարբերակը:

Երևի աշխարհում միաժամանակ ամենաբարդ և ամենահեշտ բաներից մեկը խորհուրդ տալն է, թե ինչ կարդալ: Կյանքի վերաիմաստավորման ցանկացած փուլում, կարծում եմ, ապրելու լավագույն ուղեցույցը կարող է դառնալ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը: Մի հզոր պատմություն ազատության, տարբերվելու համարձակության և սովորելու մասին, որն արդիական է բոլոր ժամանակներում: Ինձ համար այս գործն ամենից առաջ սեփական անձը ճանաչելու, կյանքի ու աշխարհի ընկալման մեջ ինքդ քո առջև անկեղծ լինելու մասին է: Լիվինգսթոնն իր բանաձևն է առաջարկում, որը կարելի է ձևակերպել այսպես՝ լինել այն, ինչ կաս, և անել այն, ինչը քեզ ավելի կատարյալ կդարձնի: Նրա առաջարկած այս ճանապարհը նախևառաջ սովորելու, բարձրանալու, ինքնարժևորվելու, փոխելու ճանապարհ է: Մեզնից յուրաքանչյուրը, որն ընտրել է այս ուղին, պիտի վստահ լինի, որ եթե անգամ այն ձգվում է մենակության և հասարակական անվստահության միջով, միևնույն է, վաղ թե ուշ մեզ միանալու են հազարավորները: Այդպես է, քանի որ յուրաքանչյուր սովորող տեսակ կոչված է լինելու նաև սովորեցնող, ուսուցիչ, ուղի հարթող: Ջոնաթանը ազատ, պայքարող ու ամեն վայրկյան նորը բացահայտող, սովորելու մեջ ամենահամարձակ տեսակն է, կատարելության հասնելու ձգտումով, երազող, ամեն քայլափոխի ինքն իրեն գերազանցող մարդն է: Նա մեզ ասում է ամենակարևորը. «Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհն ըստ էությանն նույնն է»: Ես կարծում եմ՝ այսօրվա աշխարհի գլխավոր մարտահրավերը հենց սա է. մենք չենք փոխում աշխարհը, որովհետև կրնվելու հեշտությունը հաճախ մեզ դրդում է միշտ մնալ նույնը: Մեզ վախեցնում է առաջինը դառնալու հավակնությունը, սակայն կյանքի, պատմության, աշխարհի ամբողջ շարժիչ ուժը հենց սրա վրա է կառուցված: Երբեք պետք չէ մոռանալ, որ մենք այնքան ենք ընկալում կյանքը, որքան ունակ ենք երևակայելու: Այս ճայի պատմությունը հենց գալիս է կոտրելու սահմանափակ լինելու այս կարծրատիպերը, չէ՞ որ ինչքան մեր միտքը բարձր է թռչում, այնքան հեռուն ենք մենք տեսնում:

Այս ընթացքում բոլորս տանն ենք և վստահաբար Ջոնաթանի պատմությունը նորից կարդալու ժամանակ կգտնենք: Կարծում եմ, որ այն մեզ կդրդի օգտվելու այս հնարավորությունից ու առիթ կդառնա նորը սովորելու, մեզ նոր կողմերից բացահայտելու, գուցե մեր ընտրած ճանապարհը փոխելու, գեղեցկացնելու կամ այն մշակելու համար: Սակայն չմոռանանք, որ այս ամենի մեջ ամենաբանալի բառը, ինչպես Ջոնաթանի դեպքում, թերևս մնում է սերը. մեր յուրաքանչյուր գործողություն մատնված է անարդյունք լինելու, եթե այն չենք անում անկեղծ սիրով:

Գիրքը կարող եք ներբեռնել՝ այստեղ

Ֆիլմը, որ խորհուրդ կտամ դիտել, Յան Արտյուս-Բերտրանի և հանրահայտ ռեժիսոր Լյուկ Բեսսոնի «Home» ֆիլմն է: Այն չկրկնվող ձևով է ներկայացնում աշխարհի գրեթե 60 երկրների այն չնաշխարհիկ վայրերը, որոնք վերացման եզրին են։ Եվ սա մարդկային ձեռքի ու մտքի արդյունքն է: Այս ֆիլմը մեզ դեմ առ դեմ է կանգնեցնում մոլորակի հետ և հայելային արտապատկերմամբ ցույց տալիս մեր թշնամանքը մեր տան, բնության, մեր էության հանդեպ: Մեր տունը միայն մեր հարմարավետության շրջանակը չէ, տունը նաև այն տարածքն է, որտեղ ապրում են մեզ պես միլիոնավոր մարդիկ: Այս գաղափարը յուրահատուկ ձևով արտահայտվել է ֆիլմում՝ նաև ցույց տալով դրական օրինակներ, թե ինչպես են որոշ երկրներ փորձում վերադարձնել բնությունից վերցրած պարտքը:

Կարծում եմ՝ ֆիլմը շատերին կհետաքրքրի և առիթ կտա մտածելու, թե ինչու է երբեմն աշխարհն ինքը մեզ հետ այսքան արդարացիորեն դաժան վարվում: Բնությունից հեռանալը մեզ հեռացնում է մեր իրական ես-ից, և երևի թե չկա աշխարհում ավելի ուժեղ բումերանգային էֆեկտ, քան բնության պատասխանը մարդկությանը:

Ամբողջությամբ՝ iammedia.am