Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ գարնանացանը Քաշաթաղի շրջանում ընթացքի մեջ է
Advertisement 1000 x 90

Կովսականում հիմնվել են ձիթապտղի այգիներ․ գարնանացանը Քաշաթաղի շրջանում ընթացքի մեջ է

Լինելով գյուղատնտեսական շրջան՝ Քաշաթաղում միշտ էլ կարեւորվել է տարբեր մշակաբույսերի արտադրությունը։ 2019 թ. աշնանը համայնքային եւ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) ցանքատարածքներում կատարվել է 16936 հեկտար ցանքս, որից 3600-ը՝ ՊՊՖ տարածքներում։ Աշնանացան կատարվել է հիմնականում շրջանի հարավային թեւի 36 համայնքի եւ ՊՊՖ հողատարածքներում։ Ընդհանուր ցանվել է 5505 հեկտար ցորեն, 11431 հեկտար գարի։ Աշնանացան ամենաշատը՝ 1000 հեկտար, որից 550-ը՝ գարի, մնացածը՝ ցորեն, կատարել են Ողջիի ավազանի Կովսական քաղաքային համայնքի ցանքատարածքներում։ Երկրորդ տեղում Միջնավան քաղաքային համայնքն է՝ 900 հեկտար (550 հեկտար՝ ցորեն, 350 հեկտար՝ գարի), երրորդը 870 հեկտարով Որոտան քաղաքային համայնքն է (500 հեկտար՝ ցորեն եւ 370 հեկտար՝ գարի)։

Բացի հացահատիկից, որի ցանքսի մեծ մասը կատարվում է աշնանը, քաշաթաղցիները, հատկապես հարավային թեւում կատարում են նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի, անասնակերի, յուղատու եւ այլ բույսերի գարնանացան։ Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ ապրիլի 10-ի դրությամբ շրջանում գարնանացանի նպատակով 28 համայնքում (հիմնականում հարավային թեւում) ընդհանուր կատարվել է 2548 հեկտար հերկ եւ 2386 հեկտար ցանքս։ Ցորենի գարնանացան կատարել են 2 համայնքում, ընդհանուրը՝ 16 հեկտար։ Գարու գարնանացանը կազմում է ընդհանուր 1386,5 հեկտար։ Գարնանը կատարվում է նաեւ հաճարի ցանքս, որն այժմյան դրությամբ կազմում է 375 հեկտար, որից 60-ը՝ ՊՊՖ տարածքներում։ Հյուսիսային թեւի գյուղական համայնքներից Լեռնահովիտոի տարածքում կատարել են 90 հեկտար հաճարի, 35 հեկտար կորնգանի գարնանացան։

Արաքսամերձ Միջնավան քաղաքային համայնքում, բացի գարուց, այս օրերին ցանել են նաեւ 140 հեկտար վարսակ, 0,5 հեկտար եգիպտացորեն, 100 հեկտար արեւածաղիկ, 142 հեկտար առվույտ (ենթացանքս), 0,5 հեկտար սխտոր, 3 հեկտար կարտոֆիլ, 50 հեկտար ոլոռ եւ 50 հեկտար սիսեռ, ընդհանուր՝ 356 հեկտար գարնանացան։ Հաշվի առնելով, որ շրջանում մեծ է նաեւ անասնագլխաքանակը, որոշ համայնքներում կատարել են կորնգանի եւ առվույտի ցանք, ընդհանուրը՝ համապատասխանաբար՝ 253 եւ 380 հեկտար։ Հացահատիկային եւ յուղատու բույսերի ընդհանուր գարնանացանը ներկա դրությամբ շրջանում կազմում է՝ ցորեն՝ 16 հեկտար, հաճար՝ 375 հեկտար, գարի՝ 1386,5 հեկտար, վարսակ՝ 140 հեկտար, արեւածաղիկ՝ 100 հեկտար եւ այլ տեսակներ՝ փոքր մակերեսներով։

Բանջարաբոստանային մշակաբույսերի ընդհանուր ցանքսը կազմում է 143 հեկտարից քիչ ավելի։ Աշխատանքները շարունակվում են։ Շրջանի հյուսիսային թեւում բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրում են հիմնականում անձնական օգտագործման համար եւ այդ պատճառով քիչ են մշակում։ Առայժմ չի կատարվել լոլիկի, պղպեղի, սմբուկի, բոստան-պարենային բույսերի ցանքս։ Հարավային թեւի համայնքներում կան նաեւ ջերմոցային տնտեսություններ, որոնցում մշակվում են հիմնականում սածիլներ։ Հյուսիսային թեւի համայնքներից ջերմոցային տնտեսություններ կան նաեւ Աղավնոյի հովտում՝ Ծիծեռնավանք գյուղական համայնքում եւ Շալուայի հովտի Գողթանիկ գյուղում։

Արցախում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում անցյալ տարի իրականացվել են գարնանացան մշակաբույսերի ցանքաշրջանառության խթանման եւ այգեգործության զարգացման մի շարք ծրագրեր։

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի տեղեկատվությամբ, 2019-ին Արցախի հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է մոտ 800 տոննա գարնանացան մշակաբույսերի սերմ։ Այս օրերին նույնպես Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տարբեր տեսակի սերմացուներ է հատկացնելու հողօգտագործողներին։ Ժ. Միրզոյանը նշել է նաեւ, որ անցած տարում մկնանման կրծողների եւ մոլախոտային բուսականության դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման նպատակով հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է 7500 լիտր հերբիցիդ եւ 6470 լիտր թունանյութ։ Արդյունքում 2019-ին 1500 հեկտարի վրա իրականացվել են մոլախոտերի եւ 5000 հեկտարի վրա՝ մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ։

Գարնանացանին զուգահեռ՝ Քաշաթաղի շրջանի աշնանացան տարածքներում կատարվել է պայքար վնասատուների դեմ, ինչպես նաեւ հողերի պարարտացում, տերեւային սնուցում եւ այլ աշխատանքներ։ Շրջանում մեծ տեղ է տրվում նաեւ այգեգործությանը։ Վերջին տարիներին հիմնվել են մի քանի հարյուր հեկտար մրգատու այգիներ. հիմնականում՝ նռան եւ արքայանարնջի։ Այս օրերին եղանակային պայմանները խանգարում են, որ գարնանացան կատարվի, սակայն, ըստ ԱՀ գյուղնախարար Ժ. Միրզոյանի տեղեկության, վերջին օրերին հանրապետությունում գրանցված տեղումները գյուղատնտեսության ոլորտում էապես բարելավելու են իրավիճակը, քանի որ առկա էր ջրային ռեսուրսների կուտակման խնդիր։

Վերջերս Կովսական քաղաքային համայնքում հիմնվել են ձիթապտղի այգիներ։ Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական եւ ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։

Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչեւ 150000 ձիթենի։ Տեղում ծրագրի պատասխանատուն համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Դոնապետյանն է։ Անցյալ տարի շահառուների հետ մի քանի խորհրդատվական հանդիպում են ունեցել։ Այս պահին 15000 տնկի են բերել։ Ապագայում նախատեսել են տեղում կառուցել ձեթի գործարան։ Ձիթենիները տնկվել են Կովսական քաղաքում եւ համայնքի կազմում գտնվող Դիցմայրի գյուղում, ինչպես նաեւ Կովսականի հարեւան Ալաշկերտ համայնքում։

Զոհրաբ Ըռքոյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ