2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնիղ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ, 1 հատ փամփուշտ:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: