Հայաստանյայց. Տիգրան Պասկևիչյան
Advertisement 1000 x 90

Հայաստանյայց. Տիգրան Պասկևիչյան

Տիգրան Պասկևիչյանի հրապարակումը.

«Տհաճ են, շատ տհաճ եկեղեցու դեմ հարձակումները։ Ինչ էլ լինի՝ ես ինձ մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մաս եմ համարում։ Լուսահոգի Սեյրան Խաթլամաջյանն ասում էր՝ Հայաստանյայց, ոչ թե հայ, որովհետեւ, ըստ նկարչի՝ հայը կորած կամ կորսվող մի բան էր, իսկ Հայաստանը հավերժ։

Խաթլամաջյանի հետ ծանոթ էի։ Հաճախ հանդիպում էինք Երեւանի սուրբ Զորավոր եկեղեցում։ Պատարագներից հետո քայլում էինք՝ աբստրակցիոնիստ նկարիչ ինքը, մաթեմատիկոս Վարդանն ու ես։ Սեյրանն ասում էր՝ ով Հայաստանյայց եկեղեցու դավանող չի, հայ չի։ Վարդանը լուռ համաձայնում էր, ես հարցնում էի՝ բա կաթոլիկները, Մխիթարյանները, մյուսները… ՍԵյրանը, բանի տեղ չդնելով հարցումս, քայլում էր՝ ձեռները մեջքին ծալած։

Այսպես՝ սուրբ Զորավորից մինչեւ կինո «Նայիրի» հիմնականում ենթարկվում էինք նրա դավանաբանական կաղապարներին, հետո առանձնանալով՝ քննարկում ինքնության բարդ-բարդ խնդիրներ՝ ավարտին համաձայնելով, որ մեր եկեղեցին Էջմիածինն է, մեր հավատն Առաքելականը։

Այն ժամանակ եւ դրանից բավական հետո եկեղեցին մեզ համար սրբազան անգիտության վայր էր, որի դռնից ներս մտնելիս պետք էր խաչակնքվել (ես հիմա էլ խաչակնքվում եմ) ու խոնարհվել գաղտնատեսության մամլիչին։

Եկեղեցու սոցիալականացման մասին խոսք չկար։ Պետությունը դեռ կամավորների հույսին էր, որոնց մեջքին ճերմակ խաչեր կային։ Պետությունը պետք է կայանար, եւ եկեղեցին, ըստ այդմ, վերաձեւակերպեր իր մոտեցումն… առ մարդ, առ ընտանիք, առ հասարակություն։ Գրեթե դիտմամբ չգրեցի «պետություն» բառը. եկեղեցին առ պետություն, բացի անջատ լինելուց, ոչ մեկ հարաբերություն ունի։

Եկեղեցին պետության հետ հայտարարություններով խոսելու բան չունի։ Եթե երեկ թերացել է հասարակության հանդեպ իր պարտքը կատարելուց, այսօր այդ բացը չպետք է լրացնի «դուք ազատ եք, մենք էլ ենք ազատ» մեկնությամբ։

Եկեղեցին պետք է խոսի ի՚ր հոտի հետ, եւ եթե բյուր հավատացյալք համաձայն են, առանց Վեհափառ Տիրոջ շարահյուսումի էլ կկանգնեն հրապարակներում ու կպահանջեն պահանջելին։

Մինչ այդ եկեղեցին նրանց «ըստ Մատթեոսի», «ըստ Ղուկասի», «ըստ Մարկոսի», «ըստ Հովհաննեսի» եւ ըստ Ոսկեբերան այլոց պետք է հասցնի արդարության, համբերության, հանդուրժողության խոսքը։

Հա, ի՞նչ էի ուզում ասել։ Դադարեցրեք հարձակումները եկեղեցու հանդեպ։ Նա Հայաստանյայց է՝ անկախ ամեն ինչից։

Լուսանկարում՝ 20-րդ դարի հայ ամենահետաքրքիր նկարիչներից մեկը՝ Սեյրան Խաթլամաջեանը»:



Նման նյութեր