Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի հուշարձանը՝ Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Որոշումը կայացվեց Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստում։
Զեկուցողը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նշեց, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը։
«Այդ գրությունով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև մնաց ածբոլոր ծախսերն ըստ գրության հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ»,- նշեց Սեդոյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:
43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց Մահաթմա Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը։
Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:
Լիլիթ Դեմուրյան