Covid-19ի հետևանքները մեղմելու նպատակով Լիտվայի կառավարությունը հավելյալ 2 միլիոն Եվրո է հատկացրել կինոոլորտին։ Օգնությունը կտրվի կինոթատրոններին, նոր սկսվող ֆիլմերին, դիստրիբյուտորներին, անհատ կինոգործիչներին, հեռուստատեսային և աուդիովիզուալ կոնտենտ ստեղծողներին։ Օժանդակությունը կիրականացվի Լիտվայի կինոկենտրոնի միջոցով, որի գործառույթներից է կինոինդուստրիայի ընթացիկ վիճակի վերլուծությունը և որն էլ 2020թ-ի երկրորդ կեսի համար կավելացնի Լիտվական կինոնախագծերին տրվող պետական աջակցության չափը 800.000 Եվրոյով։ (աղբյուրը՝ FilmNewEurope)
Հիշեցնեմ, որ Աշտարակի խճուղու վրա, Երևանից դուրս, աջ կողմում մի աղբանոց էլ մենք ունենք, որ ճակատագրի հեգնանքով էլի «կինոկենտրոն» է կոչվում և ունի նույն գործառույթները, ինչ Լիտվայի կինոկենտրոնը, բայց այս օրերին Covid-19ի վնասները վերլուծելու փոխարեն, ազատվում է աշխատակազմի մի մասից։
Ահա, այդ աղբանոցի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ՀՀ մշակույթի նախարարության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքած «Ազգային կինոծրագրերի իրականացում» դրամաշնորհի Պայմանագրի 2.3 հոդվածի (Կատարողը պարտավոր է) 2.3.12. կետը, ըստ որի պարտավոր է․ «Իրականացնել միջազգային կինոկազմակերպությունների հետ համատեղ կինոնախագծեր՝ մասնակից կինոարտադրողների պարտավորությունները երաշխավորող պայմանագրերի առկայության դեպքում»։ Մեր ֆիլմի Համատեղ Արտադրության միջազգային Պայմանագրերի ու կինոկենտրոնի ստանձնած պարտավորության պայմաններում, դրամաշնորհի Պայմանագրի կետը թարս են կատարել՝ կինոնախագիծը կասեցվել է։
Դրամաշնորհի Պայմանագիրը ընդարձակ լիազորություններ է տալիս կինոկենտրոնին ու սահմանում է պարտավորություններ, որոնց մեծ մասը, ակնհայտորեն չեն կատարվել։ Կարելի է ենթադրել, որ Պայմանագիրը ֆորմալ թղթի կտոր է կողմերի համար։ Պատվիրատուն՝ ՀՀ մշակույթի նախարարությանը ընդունած ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Կատարողը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, թքած ունեն «Ազգային կինոծրագրերի իրականացման» դրամաշնորհի Պայմանագրերի վրա։ Գումարը ստացել են, ծախսել են։ Ֆիլմերը ու՞ր են, ֆիլմեր չկան։
ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհները տրվում են ազգային կինոկենտրոնին, բայց մենք կինո չունենք, քանի որ տխմար ղեկավարողներ ունենք։ ՀՀ ԿԳՄՍՆը որպես որբ ընդունել է, որբի տեղ էլ պահում է մշակույթը, կենտրոնանալով սիրելի կրթության վրա։
Իսկ ՀՀ ամենանողկալի պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի տնօրինությունը մինչև բերանը թաղվել է անձնական վրեժխնդրության տիղմի մեջ, հիմնովին տապալելով կինոյի պետական կառավարումը:
Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: