Ծխախոտ ծխելիս առաջացող տոքսինները վնասում են ԴՆԹ-ն, պարզել են Մեծ Բրիտանիայի University of York-ի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը կօգնի պարզել միզապարկի քաղցկեղի առաջացման պատճառը և ծխելու կապն այս հիվանդության հետ:
Ինչպես հայտնում է MedicalXpress-ը` գիտնականները միզապարկի հյուսվածքներ են աճեցրել լաբորատորիայում և դրանք ենթարկել են ծխախոտի ծխի բաղադրիչների ազդեցությանը: Այնուհետև նրանք վերլուծել են բջիջների ԴՆԹ-ն` փորձի ժամանակ առաջացած եզակի մուտացիաները գտնելու համար:
Պարզվել է, որ ծխելն իսկապես վնասում է գենետիկական նյութը, սակայն միզապարկի քաղցկեղի հյուսվածքներում մուտացիաների միայն մի փոքր մասն է առաջացել համապատասխան տոքսինների պատճառով:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ծխելը միզապարկի քաղցկեղի զարգացման առանցքային գործոնն է, ծխի տոքսիններից ԴՆԹ-ի վնասվելը դժվար թե այս տեսակի չարորակ ուռուցքների ձևավորման հիմնական պատճառը լինի:
Ըստ գիտնականների` վնասակար նյութերը կարող են գեները վնասող այլ մեխանիզմներ բաց թողնել և ներգրավել APOBEC ֆերմենտների ընտանիքին: Այս ֆերմենտները մուտացիաներ են առաջացնում վիրուսների մեջ և օրգանիզմի բնական պաշտպանության մի մասն են կազմում, սակայն երբեմն դրանք կարող են վնասել առողջ բջիջների ԴՆԹ-ն և քաղցկեղ առաջացնել: