Անժելիկ Նամայկան ապրում է մեծ ու գեղեցիկ մի երկրում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ցավոք, վերջին մի քանի տասնամյակներում այստեղ ապրելն ապահով չէ: Զինված հակամարտությունների հետեւանք դարձած բռնության ու հուսահատության պայմաններում Անժելիկն օգնության է հասել՝ փրկելով հազարավոր կոնգոյացի կանանց, որոնց մեծ մասը հարեւան Ուգանդայի «Տիրոջ դիմադրության բանակ» (Lord’s Resistance Army) կոչվող արյունարբու գրոհայինների զոհն էր: Ամենուր նրանք ահ ու սարսափ էին տարածում: Չնայած զարհուրելի իրականությանը, որին հարկադրված էր առերեսվել Անժելիկ Նամայկան, նա երբեք իրեն թույլ չի տվել անձնատուր լինել: Խոնարհ ու անվրդով Անժելիկը պայքարում է. նրան առաջ է մղում ամենազոր մի ուժ:
Քույր Անժելիկը ծնվել է Քեմբիսայում (ԿԴՀ) 1967 թ. սեպտեմբերի 11-ին: Ծնողները սուրճ աճեցնող ագարակատերեր էին, և ընտանիքը խիստ կրոնապաշտ էր: Անժելիկը հիշում է, թե ինչպես հոր համար կասավայի տերեւներից առաջին ճաշը եփեց: Այդ ժամանակ նա ընդամենը յոթ տարեկան էր: Ուտելուց հետո հայրն օրհնեց նրան: Մինչեւ հիմա էլ քույր Անժելիկը սիրում է ուրիշների համար ուտելիք պատրաստել: Նրանց լռելյայն երախտագիտությունը մխիթարում է ամենօրյա իր ծառայության ընթացքում:
Անժելիկը տաս տարեկան էր, երբ նրա վրա մեծ ազդեցություն թողեց գերմանացի միանձնուհի քույր Թոունի աշխատանքը. «Նա Ամադի եկեղեցական համայնքի միանձնուհի էր, որը եկել էր խնամելու մեր եկեղեցու բազմաթիվ հիվանդներին: Միշտ մենակ էր եւ ժամանակ չուներ ո’չ հանգստանալու, ո’չ ուտելու, քանի որ մենակ էր: Ես որոշեցի՝ ամեն ինչ կանեմ, որ նրա նման լինեմ, որպեսզի նա հասցնի սնվել ու հանգստանալ», – հիշում է Անժելիկը: Ուսումն ավարտելուց հետո 1983 թ. Անժելիկը գնաց Ամադի, Ավգուստինյան առաքելություն, որտեղ ապրում էր գիշերօթիկ դպրոցում: Առաքելությունում նա կրկին հանդիպեց քույր Թոունին եւ որոշեց միանձնուհի դառնալ:
Նա միացավ Անուարիտ խմբին (որն այդպես է կոչվում ի պատիվ հայտնի կոնգոյացի միանձնուհի նահատակի) մեկ այլ միանձուհու՝ քույր Մարի Բեքսթերմոլի ենթակայության ներքո, որը իջեւանատան տնօրենն էր եւ Ամադի համայնքի ղեկավարը: Ավելի ուշ Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության այլ սաների հետ հաճախեց Նաբոլիի ճեմարան, որտեղ ավարտեց ապագա միանձնուհիների համար նախատեսված նախնական դասընթացը: Ի վերջո, 1992 թ. նա Դունգու-Դորումայի թեմի Ավգուստինյան քույրերի միաբանության ուխտ ընդունեց:
Ամբողջությամբ՝ auroraprize.com