ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ բուհ ընդունվելիս, երբ մասնագիտություն ընտրելու համար կամընտրական են եղել քննական առարկաները, հիմա էլ դիմորդը կընտրի`որ առարկայից պետք է քննություն հանձնի։
«Եթե նախկինում դիմորդը պետք է հանձներ կա՛մ մաթեմատիկա, կա՛մ ֆիզիկա, դրան գումարած ևս մեկ առարկայից քննություն, ապա հիմա դիմորդը կհանձնի մեկ քննություն, բայց իր ընտրությամբ»,–ասաց նախարարը` հավելելով, որ ժամեր անց բուհական քննությունների ցանկը կհրապարակվի Heravar.armedu.am և edu.am կայքերում։
Նախարարը վստահեցրեց` առարկաների ընտրությունն այնպես են կազմել, որ դրանք հնարավորություն տան դիմորդներին մեկ առարկայից քննություն հանձնելով մի քանի մասնագիտությունների համար դիմել։
Նա հայտնեց, որ լեզվաբանական բաժիններ ընդունվելիս օտար լեզվի քննություն կլինի, իսկ տնտեսագիտական բաժիններում` մաթեմատիկայի։ Հարությունյանն ասաց, որ, օրինակ, ԵՊՀ Արվեստի տեսություն և պատմության, Կրոնագիտության, Աստվածաբանության, Փիլիսոփայության բաժիններ ընդունվելու համար հիմնական քննությունը «Հայոց լեզու և գրականություն» առարկայից է լինելու, իսկ Հնագիտության, Արևելագիտության, Կովկասագիտության, Իրավագիտության բաժնում` «Հայոց պատմություն» առարկայի քննությունը։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բաժին ընդունվելու համար անհրաժեշտ կլինի մաթեմատիկայի գրավոր քննություն հանձնել, իսկ Շրջակա միջավայրի պահպանություն ֆակուլտետ ընդունվելու համար մաթեմատիկայի կամ ֆիզիկայի գրավոր քննություն կհանձնեն։
«Դրական գնահատական ստացած, բայց մրցույթից դուրս մնացածները կարող են թափուր տեղերի համար քննությունների լրացուցիչ փուլով մրցույթին մասնակցել։ Թափուր տեղերի համար կարող են դիմում ներկայացնել հուլիսի 20-22-ը։ Իսկ թափուր տեղերի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 25-ին»,–ասաց նախարարը։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am