Ամերիկացի փոփ երգչուհի Մայլի Սայրուսը նոր շոու է սկսում՝ Bright Minded, որի ընթացքում նա հյուրերի հետ քննարկելու է` ինչպես ծանր ժամանակներում շարունակել պահպանել դրական մտքերը։ Իր նոր շոուի մասին նա խոսել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
«Շոուի ընթացքում մենք կպատմենք համավարակի պայմաններում հայտնիների կյանքի մասին։ Թեև ամենևին էլ ոչ բոլորն են պատրաստ ցուցադրել, թե ինչպես են ապրում մեկուսացման մեջ։ Ես նրանց հասկանում եմ։ Նրանք գիտակցում են, որ իրենց վիճակն այնքան բացառիկ է, որ այն քննարկելը պարզապես ճիշտ չէ։ Ես ինքս էլ բացառիկ կարգավիճակում եմ։ Ապրում եմ հարմարավետության մեջ, իմ տանը, և հնարավորություն ունեմ ուզածս ուտելիքը գնել»,-պարբերականին պատմել է Մայլին։
Մայլի Սայրուսը նաև խոսել է բոլոր հարուստների և հայտնիների անունից, ասելով, որ իրենք չեն հասկանում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում համավարակը։
«Մենք համավարակը վերապրում ենք ոչ այնպես, ինչպես մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում։ Մեր կյանքը նույնպես կանգ է առել, բայց իրականում մենք պատկերացում անգամ չունենք, թե ինչի է նման այս համավարակը։ Մենք կայուն ֆինանսական վիճակում ենք, բայց մարդկանց մեծ մասի մոտ ամենևին այդպես չէ»,-ասել է երգչուհին։
Սայրուսը նաև դատապարտել է կարանտինից բողոքող հայտնիներին։ Նա կարծում է, որ ի տարբերություն մոլորակի բնակչության մեծ մասի՝ հայտնիները լիովին կարող են իրենց նման «ընդմիջում» թույլ տալ։
Մայլի Սայրուսն ամերիկացի փոփ-երգչուհի է։ Նրա ունեցվածքը գնահատվում է ավելի քանի 160 միլիոն դոլար։