Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների խումբը պարզել է, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել արցունքի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է MedRxiv կայքը։
Գիտնականները հայտնաբերել են, որ աչքի մակերեսի բջիջները ոչ միայն ACE-2 սպիտակուց են պարունակում, որը վիրուսի ներթափանցման կետ է համարվում, այլև TMPRSS2 ֆերմենտ, որը նպաստում է վիրուսի ներթափանցմանը` ACE-2–ի հետ վիրուսային սպիտակուցի միացումից հետո։
ACE-2–ի և TMPRSS2–ի ներկայությունը միևնույն բջջում բավարար պայման է, որպեսզի վիրուսը վերարտադրվի։ Գիտնականները եզրակացրել են, որ աչքի մակերևույթի բջիջները կարող են ոչ միայն SARS-CoV-2–ով վարակվել, այլև վիրուսի համար «ամբար» հանդիսանալ։
Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
ԱՀԿ–ի վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 4.1 միլիոնը, մահացել է 283 876 մարդ։