Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք որոշում ենք կայացրել, որ չենք դիմի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-կառավարության նիստում հայտնել է վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր սահմանափակումները կհանվեն:
Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 22-ն է: Երկրում վարակի բռնկումից ի վեր արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 671 է, ավելի քան կեսն ապաքինվել է, 12 մարդ՝ մահացել: