Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում բոլոր այն համայնքներում, որտեղ դպրոցը միակը չէ, առաջին դասարանցիների ընդունելությունն առաջին անգամ, տեղի է ունենալու հայտագրման համակարգի միջոցով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց առաջին դասարանցիների ընդունելության բոլոր պայմանները։
«Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մենք գործարկել ենք stugum.emis.am հարթակը, որի միջոցով ծնողները պետք է իրականացնեն իրենց տվյալների նախնական գրանցում, որպեսզի ստուգեն համակարգում իրենց երեխայի հետ նույնականացվում են թե ոչ (կան երեխաներ, որոնց ծննդյան վկայականները դեռևս թվայնացված չեն.– խմբ)։ Այս հարթակը այժմ փորձնական է գործարկվում, որպեսզի մինչև բուն հայտագրումը ծնողները կարողանան թվայանացնել իրենց երեխաների ծննդյան վկայականները և խոչընդոտներ չունենան ընդունելության ժամանակ։ Այն ծնողների համար, ովքեր աշխատում են տվյալ դպրոցում, կամ արդեն ունեն սովորող երեխա, համակարգը կգործարկվի հունիսի 1-10-ը։ Դրանից հետո՝ հունիսի 11-ից իրենց երեխաներին հայտագրել կկարողանան բոլոր ծնողները, անգամ նրանք, ովքեր ունեցել են առաջնահերթություն և չեն հասցրել այդ ընթացքում գրանցվել, սակայն՝ արդեն հավասար պայմաններով»,- նշեց Պողոսյանը։
Նա շեշտեց, որ հունիսի 11-ից սկսած մինչև 2021 թվականի մայիս ամիսը համակարգը բաց կլինի, և ծնողները կկարողանան հայտագրել իրենց երեխաներին որևէ դպրոցում։
Անդրադառնալով ծննդյան վկայականների նույնականացված չլինելու հարցին՝ Պողոսյանն ասաց, որ երբ համակարգում չի հայտնաբերվում ծնող-երեխա կապը, առաջարկվում է, որպեսզի ծնողը երեխայի ծննդյան վկայականի թվայնացման համար էլեկտրոնային հարցում ուղղարկի։
«Ծնողը պետք է համակարգում առկա դաշտերից մեկում լրացնի թե որ քաղաքացիական իրավական ակտերի գրանցման գրասենյակում է երեխան ստացել ծննդյան վկայականը։ Եթե երեխան ՀՀ-ում չի ծնվել, ապա դաշտերից մեկում ծնողը նշում է՝ այլ երկիր, ինչից հետո թվայնացումն իրականացվում է ուրիշ ճանապարհով»,- ընդգծեց Պողոսյանը և հավելեց, որ, եթե համակարգում չի գտնվում ծնող-երեխա կապը, համապատասխան մարմնին դիմելուց 3 աշխատանքային օր հետո այն հաստատվում է։
ԿՏԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց նաև, որ գրանցման գործընթացում տեղի է ունեցել լուրջ փոփոխություն՝ ծնողը հայտագրելիս այլևս չի լրացնելու էլեկտրոնային հասցե, այլ գրելու է իր բջջային հեռախոսահամարը և հաղորդագրության միջոցով ստանալու է PIN կոդ։
Ծնողների՝ պլանշետներ, սմարթֆոններ կամ համակարգիչներ չունենալու դեպքում ՀՀ բոլոր համայնքներում կստեղծվեն կենտրոններ, որոնք համապատասխան աջակցություն ցույց կտան ծնողներին։
«Այս պահի դրությամբ արդեն իրականացվել է 18 հազար աշակերտի տվյալների ստուգում, որոնցից մոտ 300-ը ծննդյան վկայականների թվայնացման հարցումներ են»,- ասաց Պողոսյանը։
Լիլիթ Դեմուրյան