Փրինսթոնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ համավարակի ընթացքում մարդկանց կարող է երջանկացնել տնային այգեգործությունը։ Տեղեկությունը հայտնում է Fast Company գործնական ամսագիրը։
Մասնագետներն ուսումնասիրել են առօրյա գործերի ազդեցությունը Մինեապոլիս – Սեյնթ Փոլ խոշոր ամերիկյան ագլոմերացիայի 370 բնակիչների ինքնազգացողության վրա։ Խոսքն այնպիսի զբաղմունքների մասին է, ինչպիսիք են զբոսանքները, հանրային տրանսպորտով երթևեկելն ու շոփինգը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձի մասնակիցների մեկ երրորդը շաբաթական միջինը մեկուկես ժամ տանը այգեգործությամբ են զբաղվում։
Նրանց մոտ արձանագրվել է երջանկության ամենաբարձր մակարդակն ու հենց նրանք են ավելի հաճախ զգում սեփական արժեքը, քան այլ հետաքրքրություններ ունեցող մարդիկ։
Էմոցիոնալ բարեկեցության բարձր մակարդակ է նկատվել ցածր եկամուտ ունեցող, նաև բուսաբուծությամբ զբաղվող միայնակ մարդկանց մոտ։
Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ տնային այգեգործությունը իր ներդրումն ունի նաև քաղաքների զարգացման ու շուկայում որակյալ մթերքի հայտնվելու գործում։