Ռեմդեսիվիր դեղամիջոցն իսկապես արագացնում է COVID-19 ունեցող հիվանդների վերականգնումը, պարզել են ԱՄՆ-ում Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է New England Journal of Medicine-ում:
Նրանք հետազոտություն են անցկացրել կորոնավիրուսով վարակված 1063 մարդու մասնակցությամբ: Վերահսկիչ խմբի հիվանդները պլացեբո էին ստանում, իսկ փորձարարական խմբի կամավորներին 10 օրվա ընթացքում ներերակային ճանապարհով ռեմեսիվիր էին ներարկում, ընդ որում, բուժման առաջին օրը՝ 200 միլիգրամ դեղաչափով, իսկ հաջորդ օրը՝ 100 միլիգրամ: Դեղամիջոցը ստացած հիվանդները միջինում վերականգնվել են 11 օրվա ընթացքում, իսկ նրանք, ովքեր պլացեբո էին ստացել, վերականգնվել են 15 օրվա ընթացքում:
Ռեմդեսիվիրը նվազեցրել է նաեւ մահացության մակարդակը. փորձարարական խմբում հիվանդների շրջանում մահացության մասնաբաժինը 7.1 տոկոս է կազմել, իսկ վերահսկիչ խմբում՝ 11.9 տոկոս: Լուրջ բարդություններ էին գրանցվել փորձարարական դեղամիջոցը ստացած 541 հիվանդից 114-ի (21.2 տոոկս), եւ պլացեբո ստացած 522-ից 141-ի մոտ (27 տոկոս):
Ռեմդիսիվիրը հակավիրուսային դեղամիջոց է, որն ի սկզբանե մշակվել էր էբոլա վիրուսի դեմ: Փորձագետները նշում են, որ չնայած կորոնավիրուսի դեմ ցուցաբերված արդյունավետությանը, ռեմդիսիվիրը չի կարող ունիվերսալ դեղամիջոց համարվել, քանի որ դրա ընդունման դեպքում մահացության մակարդակը բավականին բարձր է մնում: Ամենայն հավանականությամբ, այն կօգտագործվի այլ միջոցների հետ «կոկտեյլների» կազմում: