Հովսեփ Խուրշուդյանի գրառումը.
«Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան մի առցանց հաղորդմանը պատմում է, որ Հայաստանից Մոսկվա վերադառնալիս իրեն երկշաբաթյա կարանտինի՝ ինքնամեկուսացման են ուղարկել ու երբ մի օր, կարանտինը չլրացած տանից դուրս է եկել ինչ-որ գործով՝ SMS է ստացել, որ զգուշացվում է կարանտինը խախտելու համար եւ որ հաջորդ անգամ կենթարկվի պատասխանատվության:
Այսինքն՝ բջջային հեռախոսներով տեղորոշման համակարգը գործում է, ինչը արդյունավետ գործիք է կարանտինի կանոնների պահպանմանը հետեւելու համար:
Նման գործիք կա նաեւ ՀՀ պարետատան ձեռքերում, որը նրան տվեց մեր ԱԺ-ն՝ համապատասխան օրենքն ընդունելով: Հիմա ես, որպես մի քաղաքացի, ով կողմ էր արտահայտվում այդ օրենքի ընդունմանը, համարելով, որ կարելի է առժամանակ զոհաբերել իմ եւ մյուս քաղաքացիների տեղաշարժման գաղտնիությունը հանուն համավարակի հաղթահարման՝ հարց ունեմ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ոչ միայն վարակվածների հետ պարզապես շփվածները, այլեւ բուն վարակվածները, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողները, ովքեր շատ ծանր չեն տանում Թագավարակը՝ տուն են ուղարկվում՝ ինքնամեկուսացման պահանջ-հանձնարարականով:
Մինչ օրս քանի՞ ինքնամեկուսացվածի կողմից արված խախտում է բացահայտվել գեոլոկացիայի փոփոխությունը պարզելու եղանակով, քանիսն են նախազգուշացվել, իսկ քանիսը՝ պատասխանատվության ենթարկվել: Կամ, որպես շարունակություն, քանի՞ կուտակում է բացահայտվել եւ ցրվել նույն գեոլոկացիոն գործիքի կիրառմամբ (այդ թվում՝ կնունք, ծնունդ, բազմամարդ այլ միջոցառում):
Ի դեպ, այս հարցը պարետին պետք է տային նախեւառաջ համապատասխան օրենքն ընդունած ՔՊ-ական պատգամավորները, քանի որ պատգամավորի գործը միայն օրենքներ ընդունելը չէ, այլեւ դրանց իրականացումը վերահսկելը»: