ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է ներկայացրել Լանզարոտեի աղմկահարույց օրենքի վերաբերյալ` անդրադառնալով նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ արծարծված հարցերին։
Անահիտ Բախշյանը Լանզարոտեի օրենքի հետ կապված մտահոգությունների առնչությամբ ստորագրահավաք է կազմակերպել։
«Բայց մենք պայմանավորվեցինք, որ նախագահի հովանու ներքո ձևավորվի մասնագիտական խումբ, որը կհետևի այս կոնվենցիայի վավերացման հետագա գործընթացներին, որովհետև կոնվենցիայում գրված է, որ այն չի պարտադրում որևէ տարբերակ հատկապես կրթության 6-րդ հոդվածի առնչությամբ, չի տալիս որևէ հանձնարարական այն ընդունող պետությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պիտի սեփական ծրագիրն ու չափորոշիչներն ունենա կրթության ոլորտում` երեխաներին սեռական բռնությունից զերծ պահելու և կրթությունը կազմակերպելու համար»,– նշում է ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամը։
Ստեղծվելիք մասնագիտական խմբում կլինեն տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք, և նրանք կհետևեն կառավարության ու ԱԺ–ի բոլոր քայլերին, որոնցով պիտի իրականացվի կոնվենցիան։
Ըստ Բախշյանի` օրենքի նախագծի տակ կա արդարադատության նախարարի եզրակացությունը, որում նշված նախադասություններից մեկը շատ է մտահոգել իրեն, այն է` կոնվենցիան հակասում է ՀՀ օրենքին, որում պետք է արվեն փոփոխություններ, սակայն հակասությունների վերաբերյալ չի տրվում հստակ բացատրություն։
«Ըստ էության, մենք կստեղծենք հանրային հարթակ, որը մասնագիտական գնահատական կտա, կկազմակերպի հանրային քննարկումներ։ Ի դեպ, Ազգային ժողովի պատգամավորներն իրենց հերթին նշում են, որ փողոցներում օրեր առաջ հայտնված գրքերը չեն, որ օգտագործվելու են հանրակրթական դպրոցներում, հետևաբար կրթության ոլորտում լինելու են նոր չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելու են ուսումնական հաստատությունները»,– հայտնեց կրթության փորձագետը։
Բախշյանը կարծում է, որ պետք է ակնդետ հետևել, թե ովքեր են սահմանելու չափորոշիչներն ու ինչպես են դրանք կյանքի կոչվելու։
Հիշեցնենք` մայիսի 11–ին հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:
ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը:
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:
Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը, ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:
Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:
Անահիտ Բախշյանն ու ՀՀ նախագահը Լանզարոտեի կոնվենցիայի մասին խոսել են մայիսի 29-ին։
armeniasputnik.am