Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու փոխարեն, ավելի կարևոր գործեր կան)։ Ձեր յուրաքանչյուր գրառումից հետո գրագետ, թե անգրագետ, իր գռեհիկ կարծիքն է հայտնում, դուք դրանք կարդալուց լա՞վ եք զգում։
Հասարակությանը վերջնականապես մի տարեք անդունդ։ Ժամանակին նախկին երեք նախագահներին մեղադրում էին հեռուստաեթերը օճառային օպերաներով լցնելու համար, կարծիք կար, որ հասարակությանը զբաղեցնելու, մտածելու ունակությունը կորցնելու համար էր արվում, որ բողոքի զանգվածային դրսևորումներ չլինեն։ Այսօր դուք դարձել եք Ձեր իսկ ստեղծած օճառային օպերայի հերոսը։
Ամեն ինչ պտտվում է Ձեր շուրջ։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Ձեր շնորհիվ հասկացա, թե ինչքան չկայացած, ինչքան նախանձ, ուրիշների հաջողություններից ընկճախտի մեջ հայտնվող, անդաստիարակ, անխելք, մտածելու ունակություն չունեցող, հայհոյանքը որպես աղոթք օգտագործող հասարակության հետ գործ ունենք (Շատերը թաքնված այլ մարդկանց անվան ներքո)։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ կին, որպես հայ մայր, խնդրում եմ, օգտվելով համաճարակի այս տխուր ժամանակաշրջանից, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը, սկսեք սեր տարածել, հարգել բոլորին, չօգտագործել վարչապետին ոչ հարիր արտահայտություններ։ Խոսե՛ք կարևորից, գործե՛ք արժանապատիվ։ Վերջապես դարձեք բոլորի վարչապետը։ Համոզված եմ, որ եթե դուք հանդես գաք նման ուղերձով, շատ բան կփոխվի։
Հակառակ դեպքում դուք եք հայտնվելու անհանդուրժողականության փոսում։ Ոչինչ հարատև չէ, մի օր վերևում եք, մի օր՝ ներքևում, բարի լինելն այս դեպքում անհրաժեշտություն է։
Ամենայն հարգանքով։
Հ.Գ. երեկ աղջիկս տնից դուրս էր եկել, մոտակա այգում գիրք կարդալու, մոռացել էր դիմակ վերցնել, ոստիկանը մոտեցել էր, հարցրել՝ ինչու չունի դիմակ, աղջիկս ներողություն էր խնդրել և ցանկացել էր վերադառնալ տուն, ոստիկանը մոտակա դեղատնից դիմակ էր գնել և ճանապարհել նրան։ Երեկ այս մեկ արարքից աշխարհն իմն էր, ուրեմն ամեն ինչ կորսված չէ։ Ես հավատում եմ, որ մենք շատ լավն եք, սեղմե՛ք մարդկանց բարության կոճակը։ Թե չէ մաղձի ու չարության տեղատարափի պայմաններում ապրելը շատ դժվար է»։
Պարոն վարչապետ, դուք բան ու գործ չունե՞ք, երկրի կառավարմամբ զբաղվե՛ք (այլոց լուսանկարները տարածելու և պախարակելու…
Gepostet von Astghik Avetisyan am Donnerstag, 4. Juni 2020