Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ծառուկյանի ելույթը լսեցի: Ի՞նչն է սխալ ասում: Խոշոր հաշվով սխալ բան չի ասվում:
Հապա ինչու՞ են նեղվել ԻՔ-ական պատգամավորները: Հա, կարծես հիշել են թե խոսողը ով է: Բայց չգիտես ինչու անտեսում են, որ իրենց խմբակի առաջնորդը որոշել էր, որ նա այլևս խոշոր սեփականատեր է և հետևաբար ամեն ինչ նորմալ է, անցյալն էլ մոռացված:
Այս ամենը ինձ հիշեցնում է ՀՀԿ-ականների վարքագիծը, հարձակումը Ծառուկյան անձի նկատմամբ, երբ նա Տեր-Պետրոսյանին էր միացել: Իսկ սա տգեղ է ու տհաճ:
Տհաճ է, ոչ թե նրա համար, որ Ծառուկյանը օլիգարխ չէ և անարդար է նրա տեսակը քննադատել, այլ տհաճ է, որ հհկ-ականների պես գործի և խոսքի հակադրության մեջ եք:
Երբ ձեզ պետք է (վտանգված է ձեր իշխանությունը)` հեղափոխություն է եղել և կա օրակարգ, երբ ձեզ պետք չէ` հեղափոխական օրակարգը իրատեսական չէ (օրինակ` վեթինգ), իսկ արագ բարեփոխումները` հեղափոխական փոփոխությունները, ոչ ճիշտ:
Այո՛, Ծառուկյանը օլիգարխ է, այո՛, դուք էլ հեղափոխությունը վերածեցիք իշխանափոխության, և այո՛, վիճակը հիմա ավելի բարդ է, քան երբևէ: Այս վիճակի լուծումը առաջիկա տարիներին դժվար էլ լինի, քանզի այս հետադիմական պրոցեսը բոլոր դրական տեղաշարժերն ու զարգացումները բերեց զրոյական կետի, որտեղից վերսկսելը դարձել է շատ ավելի բարդ, քան նույնիսկ կարելի է պատկերացնել:
Մարդիկ խոսում են համախմբումից, բայց չեն խոսում թե ինչի շուրջ: Ում հետ և ինչի համար համախմբվել: Հզոր Հայաստան, բարգավաճ Հայաստան, առաջ Հայաստան, հանուն Հայաստանի և այսպես շարունակ ձևակերպումներ են, որ հնչեղ են, սակայն դատարկ` զուրկ բովանդակությունից և նպատակադրումներից»: