«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը իր հոդվածում անդրադարձել է ընդդիմության դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերին ու դրանց հնարավոր հետևանքներին։
Նա նշել է, որ եթե Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները չեն ցանկանում անել հակասահմանադրական քայլեր ու պայքարում են բացառապես օրենքի շրջանակներում, իսկ իշխանությունները մտադիր են նրանց դեմ ուժ կիրառել՝ պետության անունից, իսկ հանրությունը հասկանում է, որ դա հաշվեհարդար է, ապա ազդեցությունը ծնում է հակազդեցություն, և կգտնվի այն ուժը, որն անօրինական ուժ կկիրառի։
Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
Արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը, ու դժվար չէ ենթադրել, որ կերկարացվի այնքան, որքան ցանկանա Փաշինյանը, և միշտ էլ կգտնի պատճառ դա անելու համար։ Միաժամանակ դժվար չէ ենթադրել, որ կորոնավիուսի դեմ պայքարը պատրվակ է՝ պայքարելու իշխանություններին քննադատող ու կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմադիրների դեմ․ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել չի կարելի, զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել՝ ևս։
Մի քանի օր առաջ Փաշինյանն ու թիմակիցները խղճահարություն էին առաջացնում, թե ինչպես կարելի է կորոնավիրուսով վարակված վարչապետին քննադատել ու նրա հրաժարականը պահանջել, բայց Փաշինյանը հասկացավ, որ դա աշխատող տարբերակ չէ, քանի որ եթե ինքը չի կարողանում հետևել առողջապահական կանոններին, ինչպե՞ս է դա պահանջում ժողովրդից։ Բացի այդ, մեր երկիրն այնքան խնդիրեր ունի՝ ներպետական, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական, որ օրվա մեջ 24 ժամ աշխատող վարչապետն անգամ չի հասցնի իր պաշտոնի բերումով լիազորությունների ողջ ծավալը կյանքի կոչել, ուր մնաց՝ ինքնամեկուսացածը։ Մանավանդ, որ գործից ինչպես չէր հասկանում երկու տարի առաջ, այնպես էլ հիմա, կնշանակի նրան փոխելն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Ու կատարվեց հրաշք՝ վարչապետը մի քանի օրից առողջացավ ու ակտիվ կերպով լծվեց աշխատանքի։ Իրականում լծվեց ընդդիմության վտանգը չեզոքացնելու գործին։ Հիմա էլ Փաշինյանը շանտաժ է անում, թե պատերազմի ժամանակ ով իր դեմ պայքարի՝ հայրենիքի դավաճան է, ու կպատժի նրանց պատերազմական ժամանակների օրենքներով։ Արդյոք այս շանտաժն ու ահաբեկումն արդյունք կտա, վստահաբար՝ ո՛չ։
Ամբողջությամբ՝ tert.am