Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների հետ արդեն ակտիվ աշխատանքային փուլում են:
Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տեղի մասնագետները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարել՝ ծանոթանալով կորոնավիրուսով անձանց բուժման կազմակերպման գործընթացին: Ֆրանսիայից ժամանած բժիշկներն ամբողջ օրը բուժհաստատությունում են եղել: Տեղի մասնագետների հետ անցկացրել են ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վարման ընթացքի վերաբերյալ քննարկումներ:
Ֆրանսիայից Հայաստան եկած բժիշկների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում: Սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ: Օրերս կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել են Լիտվան, Վրաստանը, Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը։