Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հունիսի 16-ից դադարեցնում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծատուրյանն այս մասին գրառում է տարածել պատկերասրահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարվա համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն, ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն»,- գրել է Ծատուրյանը:
Նա շեշտել է, որ այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները. կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: «Աշխատակիցներիս հետ պատիվ եմ ունեցել պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի (Հովհաննես Այվազովսկու խմբ.) 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել…
Կրկին շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- եզրափակել է Ծատուրյանը:
Ինչպես մեզ տեղեկացրին Հայաստանի ազգային պատկերասրահից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանը մրցույթի արդյունքում պատկերասրահի տնօրենի պարտականությունները ստանձնել է 2015 թվականից: Պայմանագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով: Այս տարի լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը:
Անժելա Համբարձումյան