Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց՝ առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով. արդեն հայտագրվել է 22 հազար 150 երեխա։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարի մենք կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի։ Հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- նշեց Անդրեասյանը։
Տվյալ համակարգն առաջին անգամ փորձարկվել է 2019 թվականին Երևանում և փորձարկման արդյունքներով, հետագայում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում եղավ փոփոխություն, որով 2 խմբի ընձեռվեց առաջնահերթության իրավունք։
Առաջին խմբում այն երեխաներն էին, ում քույրը կամ եղբայրը սովորում են տվյալ դպրոցում, իսկ երկրորդ խմբում էլ նրանք էին, ում ծնողները կամ օրինական ներկայացուցիչներն աշխատում են դպրոցում։
«Հաշվի առնելով առաջնահերթությունը՝ համակարգը գործել է հատուկ ձևով. հունիսի 1-10-ն առցանց հայտագրվելու հնարավորություն են ունեցել այդ խմբերի երեխաները։ Այդ առաջնահերթության իրավունքից օգտվել է 9247 երեխա»,- ասաց ԿԳՄՍ փոխախարարը։
Նա ընդգծեց, որ համակարգն այս ընթացքում աշխատել է անխափան, և ծնողները բավական արագ և հեշտ կարողացել են գրանցել իրենց երեխաներին։
Հունիսի 11-ից հայտագրվելու իրավունք ունեն բոլորը։
«Հանրապետությունում մենք ունեցել ենք 49 դեպք, երբ ծնողները միաժամանակ գրանցել են իրենց երեխաներին միևնույն դպրոցում։ Սա տեխնիկական հարց է, և կփորձենք այն լուծել։ Ունեցել ենք իրավիճակներ, երբ ընտանիքում եղել են 1 և ավելի երեխա՝ զույգեր կամ նույնիսկ եռյակներ, և ծնողները հասցրել են նրանցից 1-ին գրանցել, իսկ մյուսին՝ ոչ։ Այս հարցը նույնպես կփորձենք կարգավորել։ Մենք ունենք նաև ազգային փոքրամասնությունների խումբ, որոնց համար իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունները սահմանափակ են կոնկրետ դպրոցներում և դասարաններում»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Լիլիթ Դեմուրյան