ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի միջոցով կարողանում են 1 օրում մինչև 200 նմուշի հետազոտություն անել։
«Շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։ Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները, հնարավորություն են տալիս թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում»,–գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ` դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացման և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։
Ստեփանյանը վստահեցնում է` բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։