«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր:
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա»,–գրում է թերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար:
Դումանյանն ասել է, որ որեւէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»:
Հիշեցնենք, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորի` մարտի 23-ին նախատեսված ընտրությունը կորոնավիրուսային իրավիճակից ելնելով չէր կայացել։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։
Այս պահին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Գեղամ Գևորգյանն է։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը 2019-ի մայիսի 23–ին հրաժարական էր տվել։