Գիտնականները պահանջում են հետ կանչել Նոբելյան դափնեկրի հոդվածը դիմակների մասին՝ «կոպիտ սխալների» պատճառով
Advertisement 1000 x 90

Գիտնականները պահանջում են հետ կանչել Նոբելյան դափնեկրի հոդվածը դիմակների մասին՝ «կոպիտ սխալների» պատճառով

Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները հունիսի 18-ին բաց նամակ են հղելProceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրի խմբագրությանը, որում պահանջել են անհապաղ հանել Նոբելյան դափնեկիր Մարիո Մոլինայի եւ համահեղինակների՝ հունիսի 11-ին հրապարակված հոդվածը:

Հոդվածը նվիրված է դիմակների արդյունավետությանը համավարակի ժամանակ, եւ, ըստ գիտնականների, «աղաղակոց սխալներ» եւ «բազմաթիվ կեղծ պնդումներ է» պարունակում: Նամակը ստորագրել են մոտ քառասուն առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Մեծ Բրիտանիայից:

Իրենց հոդվածում Մոլինոն եւ նրա գործընկերները հայտարարում են, որ դիմակներ կրելը ամենաառաջնահերթ կանխարգելիչ միջոցն է համավարակի ընթացքում, մինչդեռ այլ մեթոդները, այդ թվում՝ սոցիալական հեռավորությունը, անարդյունավետ են: Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ վիրուսը տարածվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով:

Նամակի հեղինակների կարծիքով՝ այս եզրակացությունները, ընդհանուր առմամբ, համընկնում են այլ գիտնականների աշխատանքների հետ, սակայն հետազոտության դիզայնը եւ մեթոդաբանությունը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Այդպես, ուսումնասիրությունն իրականացվել է Ամերիկայի տարբեր քաղաքներում եւ նահանգներում, ինչպես նաեւ Իտալիայում եւ Ուհանում վարակման դեպքերի եւ ձեռնարկված միջոցառումների պարզ համեմատության հիման վրա: Բայց, միեւնույն ժամանակ, Մոլինոն անտեսել է այն կարեւոր գործոնները, որոնք ազդում են հիվանդության տարածման ինտենսիվության վրա, ինչպիսիք են բնակչության խտությունը, հասարակության մեջ շփման սովորությունները եւ կայացված քաղաքական որոշումները: Բացի այդ, հոդվածի հեղինակները բազմաթիվ «կոպիտ փաստական ​​սխալներ» են կատարել:

«Այդպես, ուսումնասիրությունը պնդում է, որ ապրիլի 3-ից հետո Նյու Յորքի եւ ԱՄՆ մնացած նահանգների միջեւ միակ տարբերությունն այն էր, որ ապրիլի 17-ին Նյու Յորքում բնակիչներին պարտավորեցրել են դիմակներ կրել: Հայտնի է, որ դա կեղծ հայտարարություն է: Ճիշտ չէ նաեւ այն պնդումը, որ Նյու Յորքը միակ նահանգն է, որում բնակիչներին պարտավորեցրել են դիմակներ կրել»,- պնդում են գիտնականները:

«Նման այլ աշխատություններում ապացույցներ են բերվել առ այն, որ դիմակներն օգնում են նվազեցնել COVID-19-ի տարածումը, սակայն այս հետազոտությունը բավարար ապացույցներ չի պարունակում»,- հայտարարել է Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի վիրուսային փոխանցման մասնագետ Լինսի Մարը:

Մարիո Մոլինան արձագանքել է գիտնականների քննադատությանը՝ հայտարարելով, որ իր եզրակացությունները «պարզապես սխալ են ընկալվել» եւ նշել է, որ գուցե հոդվածը գրվել է չափազանց բարդ լեզվով: Նոբելյան դափնեկիրը նաեւ խոստովանել է, որ իր հոդվածը կարող է «որոշ չափով չափազանցված ենթադրություններ» պարունակել:

news.am



Նման նյութեր