ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն
Advertisement 1000 x 90

ԵՊՀ-ում հիմնադրվել է ցեղասպանության կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն

Երևանի պետական համալսարանը և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հայտարարել են Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրման մասին: Այս մասին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից

«Յուրաքանչյուր տարի Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մրցութային կարգով ընտրում է աշխարհի տարբեր երկրներում ամբիոնների հիմնադրման վերաբերյալ որոշակի թվով նախագծեր, որոնք գործում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, նրա հռչակած առաջնահերթություններին համահունչ:

ԵՊՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումն այն շարունակական աշխատանքի գնահատականն է, որն իրականացվել է վերջին տարիներին ԵՊՀ ՀՀԻ-ի ցեղասպանագիտության բաժնում՝ կազմակերպված գիտաժողովները, սեմինարները, քննարկումները, բաց դասախոսությունները, տեղեկատվության հանրայնացնելու աշխատանքը, ինչպես նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ կրթությունն առաջնային նշանակետերից է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «UNITWIN» ծրագիրը խթանում է համալսարանների միջև միջազգային համագործակցությունը ու ցանցային կապի ստեղծումը: Այն օգնում է ամբողջ աշխարհում հզորացնել բարձրագույն ուսումնական հաստատությունները, լրացնել գիտելիքների բացը և համագործակցել 2030-ի Կայուն զարգացման օրակարգի շուրջ:

Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի բացումն ազդարարվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռավար դասախոսություն-հանդիպմամբ, որին մասնակցում էին  Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն կարդաց «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:

Պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ղեկավարն է, արդեն երկար տարիներ մասնագիտանում է ցեղասպանագիտության ոլորտում:

2017 թվականից նա ղեկավարում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը, ինչպես նաև 2018 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համեմատական ցեղասպանագիտության բաժինը: 2007-2018 թթ. եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:

Սուրեն Մանուկյանը ցեղասպանությունների ուսումնասիրության մեջ ներգրավված գրեթե բոլոր մասնագետների միավորող միջազգային կազմակերպության խորհրդի անդամ է 2017 թվականից:

Մեզ հետ զրույցում պարոն Մանուկյանը նշեց, որ Երևանի պետական համալսարանում ամբիոնի հիմնական նպատակն է ցեղասպանագիտական կրթության խթանումը Հայաստանում՝ ինչպես համալսարանական, այնպես էլ ոչ ֆորմալ մակարդակներում:

«Տեղեկատվական արշավների, հրապարակումների, սեմինարների և աշխատաժողովների միջոցով ամբիոնը նպատակ ունի հասնելու ցեղասպանություն երևույթի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ամբողջ աշխարհում, ինչը կնպաստի ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված միջազգային քաղաքականությանը»,- ասաց պարոն Մանուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանը վերջին տարիներին իր վրա է վերցրել գլոբալ մակարդակում ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման առաջամարտիկի դերը:

«Սրա վկայություններն են, օրինակ, երկու տարին մեկ պարբերականությամբ Երևանում անցկացվող Ցեղասպանության հանցագործության կանխարգելմանն ուղղված գլոբալ ֆորումները կամ 2020 թ. հունիսի 22-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված այդբովանդակ բանաձևը,- փաստեց Սուրեն Մանուկյանը,- և մեր նորաստեղծ ամբիոնը գործադրելու է բոլոր ջանքերը գիտական և կրթական ոլորտում ցեղասպանությունների միջազգային ճանաչման և կանխարգելման հարցին նպաստելու համար»:

ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նպատակներն են խթանել ցեղասպանագիտական կրթությունը ֆորմալ և ոչ ֆորմալ մակարդակներում, բարձրացնել ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը տարբեր միջոցառումների, տեղեկատվության արշավների, հրապարակումների, սեմինարների միջոցով հասարակության շրջանում, ինչպես նաև համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ ամբիոնների և այլ կազմակերպությունների հետ՝  ոլորտին առնչվող տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում:

Հարկ է նաև հիշեցնել, որ  Երևանի պետական համալսարանում մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվում է 2 տեղ:

Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով, իսկ երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ: