Ամեն տարի հունիսի 27-ին Ուկրաինայի հայ համայնքի և հոգևորականության ներկայացուցիչները նշում են Կամենեց Պոդոլսկի Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ին, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի համաճարակի պատճառով Հայկական Աստվածամոր սրբապատկերի օրվան նվիրված միջոցառումները կանցկացնեն հայ քահանաները իրենց ծխերում:
Ավանդական ուխտագնացությունը՝ պահպանելով բոլոր հակահամաճարակային կանոնները, կկայանա Կամենեց Պոդոլսկում, հունիսի 28-ին:
Հայկական Աստվածամոր սրբապատկերը Ուկրաինայի հայերի հոգևոր ժառանգության ամենամեծարված մասունքներից մեկն է: 1791 թվականի հունիսի 27-ին Կամենեց Պոդոլսկի Սուրբ Նիկոլայի սրբապատկերը և վերակառուցված եկեղեցին վերստին հանդիսավորությամբ օծվել են, և արքեպիսկոպոս Յակով Թումանովիչը կարգադրել է այդ օրը՝ հունիսի 27-ին, նշել որպես տոն:
Հայտնի է, որ Հայկական Աստվածամոր սրբապատկերը պատվել են Կամենեց Պոդոլսկի քաղաքի բոլոր երեք քրիստոնեական ծիսակատարության հավատացյալները՝ հայեր, ուկրաինացիներ և լեհեր։ 2011-ին ուկրաինացի գիտնականներն առաջարկել են հունիսի 27-ը հռչակել հայ-ուկրաինական բարեկամության օր։
Ամեն տարի, այդ օրը, Ուկրաինայի տարբեր շրջաններում հայկական սփյուռքն անցկացնում է թեմատիկ միջոցառումներ: Կամենեց Պոդոլսկի տոնակատարությունները կավարտվեն հունիսի 28-ին, որտեղ ավանդաբար կհավաքվեն ուխտավորներ Ուկրաինայի բոլոր մարզերից:
Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը