«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» արդեն երրորդ շաբաթն է մաքրում է Հայաստանի զբոսաշրջային հիմնական ուղղությունները, պատմա-մշակութային կոթողների հարակից տարածքները:
Միջնադարյան (7-րդ դար), արաբ պատմիչը, նկարագրելով արաբ ղեկավարներից մեկի Հայաստանում արձակած հրովարտակները, մեջբերում է հետևյալը. «Խստագույնս պատժել […] նրանց, ովքեր չեն հոժարում կամավոր մաքրել իրենց տան հարակից հատվածը և փողոցը»: Այսչափ աղբ տեսնելուց, փնթի կենսակերպի հետքերի հետ առնչվելուց հետո, զբոսավարներն իրենք իրենց կատակում են, թե՝ փաստորեն, արաբներից հետո աղբը չեն մաքրել…
«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» ղեկավար Յաշա Սոլոմոնյանն իր էջում անդրադարձել է Նորավանք տանող ճանապարհի սոսկալի վիճակի մասին: Հարկ է նշել, որ տարածքը ներառված է «Գնիշիկ» արգելոցի մեջ, իսկ եկեղեցական համալիրի մոտակա ձորակի հանգստի գոտին վանքապատկան է…
«Ի՞նչ ասել նման մարդկանց, ինչպիսի՞ բառերով նկարագրել նրանց տեսակը։
Դուք չե՞ք ամաչում ձեզանից ու ձեր կենսակերպից, գետինը չե՞ք մտնում։
Լավ, ինչքա՞ն կարելի ա ատել սեփական երկիրն ու բնությունը, ինչքա՞ն կարելի ա բողազը լցնել ու մնացորդն էլ այ էսպես ցփնել բնության մեջ։
Լավ, ձեր կերածը ձեր բկին չի՞ մնում, ձեր թոռներին ու սերունդներին ի՞նչ եք ժառանգելու։ Աղբակո՞ւյտ։
Ո՞նց եք դուք էսպես ապրում, ո՜նց։
Հա, մենք էլի մաքրում ենք՝ վճարովի, թե անվճար, կարևոր չէ, մենք ՄԻՇՏ ենք մաքրում։
Բայց, ա՛յ անաստվածներ, չենք հասցնում ձեր ետևից, անհնար է…
Էլի կգցեք պատկան մարմինների վրա, էլի կսկսեք հին ու ծեծված թեման, թե բա վերահսկողություն, տուգանք, բլա բլա բլա։
Ձեզպեսներին ո՛չ վերահսկողությունը մի բան կանի, ո՛չ էլ մարդկային լեզվով բացատրելը։ Ձեզ միայն մահակով թակելը խելքի կբերի, դուք դրան եք սովոր ու արժանի։
ՀԳ. Նկարում Նորավանքի կիրճի քեֆատեղիներից մեկի «ինքնաբուխ» աղբավայրն է…»,- իր էջում գրել է Յաշա Սոլոմոնյանը: