Մեծ Բրիտանիայի Մերսիսայդ կոմսության Սենթ-Հելենս քաղաքի բնակիչներ Օսբորն և Էդիթ Հենքոքները նշել են իրենց ամուսնության 70-ամյակը: Ամուսինները խոստովանել են, որ սկզբում ատել են միմյանց, գրում է Daily Mail-ը:
Օսբորն և Էդիթ Հենքոքները հանդիպել են 1938 թվականին՝ տասը տարեկան հասակում: Դպրոցում նրանք նստում էին նույն սեղանի շուրջ, բայց տանել չէին կարողանում միմյանց: Նրանց հարաբերությունները փոխվել են այն ժամանակ, երբ նրանք դարձել են ավագ դպրոցի աշակերտներ:
Դպրոցն ավարտելուց հետո Օսբորնն անցնում է ծառայության բրիտանական օդուժում: Նա և Էդիթը սկսում են նամակագրական կապը:
«Այն ժամանակ ինտերնետ, նույնիսկ հեռախոս չկար, ամեն ինչ արվում էր փոստով: Մի նամակում ես նրան առաջարկություն արեցի, մեկ այլ նամակով նա ընդունեց առաջարկությունը: Ես նույնիսկ նրան 20 ֆունտ ուղարկեցի նշանադրության մատանու համար»,- պատմել է Հենքոքը:
Երիտասարդները ամուսնացել են 1950 թվականին, օրերս նրանք նշեցին իրենց ամուսնության 70-ամյակը:
Օսբորնը և Էդիթը 92 տարեկան են: Նրանք ունեն չորս երեխա, ութ թոռ և չորս ծոռ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը