Օրդ սկսվում է…
Երեխայիս լացի ձայնով: Նա է ինձ արթնացնում, եւ միեւնույն ժամանակ ժպտում եմ նրան ու փորձում օրս ուրախ սկսել, որ այդպես էլ շարունակվի:
Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:
Շոկոլադ եւ ջուր: Առանց դրանց չեմ կարող օրս լիարժեք անցկացնել:
Կերակուր, որը տանել չես կարողանում:
Ցանկացած տեսակի ֆասթ ֆուդ: Նման ուտեստներ չեմ կարողանում ուտել:
Հասակդ ու քաշդ:
Հասակս՝ 163 սմ, քաշս այս պահին՝ 47 կգ:
Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:
Առաջին արտահայտությունը, որ անում եմ՝ «Վա՜յ, լսի՜»… հետո շարունակություն է լինում՝ «շա՜տ սիրուն ա»: Նայած՝ ինչ եմ տեսնում (ծիծաղում է):
Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենց հաճախ օգտագործում:
Չեմ ասի այն բառը, որն օգտագործում եմ ամենաբարկացած ժամանակ (ծիծաղում է): Բայց հաճախ օգտագործում եմ «ապուշ» կամ նմանատիպ մի բառ:
Ինչպե՞ս ես փաղաքշաբար դիմում տղայիդ:
Իրակամում շատ մեղմ չեմ արտահայտվում, ավելի շատ ներս եմ գցում զգացմունքներս: Տղայիս դիմում եմ՝ «բալես», «Մոնթես»…
Ի՞նչ ֆոբիաներ ունես:
Ունեմ կլաուստաֆոբիա՝ շատ եմ վախենում փակ տարածքներից… ինձ թվում է՝ շնչահեղձ կլինեմ: Նաեւ սարսափում եմ թիթեռներից:
Թրենդներից ո՞րը տանել չես կարողանում:
Ճիշտն ասած՝ թրենդամոլ չեմ, ու ավելին՝ այն, ինչ թրենդի մեջ է, ինչը բոլորը համատարած կիրառում են, երբ աչք է ծակում, արդեն չեմ սիրում դա: Ես ավելի հասարակ բաներ եմ սիրում, բայց ամենից շատ տանել չեմ կարողանում վարդագույն բմբուլներով ու նմանատիպ միտումներով հագուստ:
Որպես մայրիկ` ուժեղ ու թույլ կողմերդ:
Ես ինձ ուժեղ մայրիկ եմ համարում, ու կարծում եմ՝ մայրիկներն, առհասարակ, ուժեղ մարդիկ են: Երեխայիս համար իմ ուժերը միշտ տեղում են լինում, միայն մեկ թույլ կողմ ունեմ՝ երբ քունս տանում է, չեմ կարողանում դիմանալ (ծիծաղում է):
Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:
Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ բոլոր ֆիլմերը կարող եմ անդադար նայել…Միայն իր մասնակցությամբ ֆիլմերն եմ այդպես հետաքրքրությամբ մեկ անգամից ավել դիտում:
Ո՞ր տարիքի հետ են կապված հուշերիդ մեծ մասը:
Ցանկացած տարիքի հետ կապված էլ ունեմ հուշեր, բայց ամենից լավ հիշում եմ 18-ից սկսած բոլոր հիշարժան իրողությունները:
Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:
Իհարկե, տխուր օրեր շատ են եղել, բայց չկա նման մի օր, որը կցանկանայի ջնջել իմ կյանքից:
Առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:
Շատ փոքր տարիքում, երբ նոր էի դպրոց հաճախում. եղել է անկեղծ մանկական սիրահարվածություն, բայց իրական սերն ապրել եմ 20 տարեկանում:
Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:
Սպիտակն եմ ամենից շատ սիրում ու կարծում եմ՝ հենց դա է իմ գույնը: Սիրում եմ դրա պարզությունն ու մաքրությունը…
Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:
Չեմ գրել ձեռագիր նամակ… միգուցե, անհավատալի է, բայց չեմ գրել (ծիծաղում է):
Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:
Իմ ամենացավոտ թեման է (ծիծաղում է): Բարկացել եմ տղայիս՝ Մոնթեի վրա, որովհետեւ շատ չարաճճի երեխա է. տան պարագաներն է կոտրում, երբեմն իրեն է վնասում: Իհարկե, երեխա է, չի հասկանում, բայց եթե մեղմ լինեմ, այդպես էլ կշարունակի, դրա համար երբեմն թեթեւ բարկանում եմ:
Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:
Հետաքրքիր է, բայց տխուր պահերին այդքան չեմ արտասվում, որքան ուրախալի պահերին: Մի քանի ամիս առաջ, երբ քրոջս առաջնեկը ծնվեց, երջանկությունից մի քանի օր արտասվում էի: Դա է վերջերս պատահած ամենահիշարժան ու հուզական պահն ինձ համար:
Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:
Բամբասանքը միշտ բացասական երանգի է լինում, բայց, այս մեկը, նույնիսկ, ծիծաղելի էր ինձ համար: Լսել եմ, որ ոմանք ասում էին, թե ես անչափահաս եմ, բայց բալիկ եմ ունեցել: Ինձ համար շատ զարմանալի էր, քանի որ չեմ կարծում՝ տարիքիցս այդքան փոքր եմ երեւում, բացի այդ՝ ի՞նչ կարիք կա առանց ճշմարտությունն իմանալու նման բաներ ասել…
Ամբողջությամբ՝ news.am