Գյումրիում այս տարի շինարարների պակաս չկա. Covid-19-ի պատճառով արտագնա աշխատանքի մեկնող շինարարները տանն են:
«Առաջիկա օրերին կմեկնարկեն Գյումրու փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլում ընդգրկված` թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հատկացրած միջոցներով։ Ընդհանուր առմամբ, ծրագրի 2 փուլով կնորոգվեն 22 փողոց և 1 հրապարակ:
ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով նույնպես մրցույթ է հայտարարված, որի արդյունքները պարզ կլինեն օգոստոսի 5-ին:
Գյումրու քաղաքապետը նշեց, որ քաղաքում աշխատանքներ են իրականացվելու նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Ի դեպ, այս ծրագում ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը:
«Սա իր մեջ ընդգրկում է մոտ 4 կմ հատված: Նամակ է ուղարկվել Համաշխարհային բանկին՝ ծրագրի շրջանակներում լուծելու նաև Վարդանանց հրապարակի լուսավորության ու որոշ հատվածների նորոգման հարցը»,-նշեց Սամվել Բալասանյանը:
Անդրադառնալով քաղաքի միջուկի փողոցների տեսքը պահելու հետ կապված` Sputnik Արմենիայի հարցին, Սամվել Բալասանյանը նշեց.
«Ոչ մի մտավախություն չունենաք պատմական միջուկի հետ կապված: Վերակառուցվելու է այն, ինչ կա՝ նույն տեսքով: Պատմական միջուկն ավելի մեծացնելու ենք ու գեղեցկացնելու»:
Նշենք, որ Համաշխարհային բանկը աշխատանքների համար հատկացրել է 2 ու կես միլիարդ դրամ:
Քաղաքապետի խոսքով` համայնքային բյուջեից հատկացված 109 մլն դրամով էլ քաղաքում փոսալցման աշխատանքեր են կատարվել, «փողոցներով որ ման գաս, 1 փոս չես գտնի»:
Բալասանյանը հավելեց, որ սուբվենցիոն ծրագրով Գյումրիում առաջիկայում ևս 17 փողոց է նորոգվելու։
Դրա համար անհրաժեշտ 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից: