Անդրանիկ Թևանյանի գրառումը.
«Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը, բաժանել ըստ «գույների»՝ սևեր և սպիտակներ, ըստ քաղաքական հայացքների՝ հեղափոխականներ և հակահեղափոխականներ, ըստ տրամադրության՝ ոգևորվածներ և հիասթափվածներ, ըստ ժամանակաշրջանի՝ ներկաներ և նախկիններ, ըստ մուծումների և լոյալության՝ օլիգարխներ և սեփականատերեր։
Էլի կան չափորոշիչներ, որոնցով «ժողովրդի» վարչապետը պառակտում, բաժանում, թշնամացնում է մարդկանց։
Հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը մենք կարող ենք վճարել պետության կորստի տեսքով։
Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է ներքաղաքական պայքարն արտաքին կողմնորոշումների դաշտ տանելը։ Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են։
Ինքնիշխանության թեմայով «ռազմահայրենասիրական» ելույթներ ունենալն ու հակառուսական իռացիոնալ քարոզ տանելը գործնականում նշանակում է խաղալ Թուրքիայի օգտին։
Բոլոր նրանք, ովքեր հայտարարում են, որ անվտանգության առումով Հայաստանն ունի ՀԱՊԿ-ին այլընտրանք, որ ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի Գյումրիից, որ ՀՀ ինքնիշխանությունը Ռուսաստանից տարանջատվելն է, կա՛մ քաղաքական առումով անմեղսունակ են, կա՛մ թուրքական գործակալներ։ Ես հակված եմ երկրորդ վարկածին։
Թուրք-ադրբեջանական զույգը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և մենք չպետք է կրկնենք նախկին սխալները։ Առավել ևս չպետք է մատաղացու գառան պես հայտնվել գայլի բերանում։ Հատկապես երբ գայլը հարմար առիթի է սպասում, և այդ առիթը ստեղծելու համար Հայաստանում հսկայական 5-րդ շարասյուն է ձևավորել։
Անվտանգության թեմայով առաջարկում եմ ընթերցել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի ուշագրավ նյութը։
Կից նյութն այստեղ՝ Թուրքիայի հարձակման գաղտնի ծրագիրը Հայաստանի վրա կոչվում է «Ալթայ», նպատակը՝ մինչև 2021 թվականի մարտ «լուծել» Ղարաբաղի և Զանգեզուրի հարցը »: