ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:
Գործող կարգավորումներով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողը չունի ժամանակավոր անաշխատունակության և խնամքի նպաստի իրավունք: Նախագծով առաջարկվում է խնամքի նպաստ հատկացնել նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին, եթե այդ աշխատողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Միաժամանակ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող գործատուի վարձու աշխատողին վերապահվում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք:
Փաթեթով լուծում է տրվում նաև անցումային շրջանի խնդիրներին: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
Աննա Գրիգորյան