Եղեգնաձորում մոտ 10 ամիս առաջ ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները սխալ են համարում Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին նոր պաշտոնի նշանակելը: NEWS.am-ին փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը ասաց, որ պետք է սպասեին գոնե դատաքննությանը, քանի որ նոր հանգամանքներ կարող էին ի հայտ գալ:
«Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին: Բայց սխալ էր պաշտոն տալը այս պահին, որովհետեւ դեռ դատաքննությունը չի սկսվել եւ հնարավոր է, որ նոր հանգամանքներ ի հայտ գային: Քննչականը, որ նրա վրայից մեղքը հանել է, դա չի նշանակում, որ մասնակցություն չի ունեցել»,- ասաց նա:
Նա հավելեց, որ եղբոր վիճակում որեւէ փոփոխություն չկա, նա շարունակում է գտնվել կոմայում:
Նշենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։
Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: