Փոքրիկ Արփիի պարը տարածելը շատ կարևոր արձագանք էր. Տիգրան Ուլիխանյան. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փոքրիկ Արփիի պարը տարածելը շատ կարևոր արձագանք էր. Տիգրան Ուլիխանյան. hraparak.am

Երեկվանից համացանցում քննադատության առիթ է տվել այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում սահմանային լարվածությանն «ի պատասխան»` իր փոքրիկ դստեր` Արփիի պարն էր իր էջում տարածում, մինչդեռ կարող էր ավելի լուրջ արձագանքել ադրբեջանական ոտնձգություններին ՀՀ պետական սահմանի նկատմամբ: Այսօր Hraparak.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարձագանքի վարչապետի այս քայլին և դրա վերաբերյալ քննադատություններին:

Ի պատասխան` Ուլիխանյանն ասաց, որ դա էլ էր արձագանք վարչապետի կողմից. «Դա ևս արձագանք էր ու շատ կարևոր արձագանք էր, վարչապետը այսօր արձագանքել է նաև կառավարության նիստում: Ինչ վերաբերում է քաղաքական արձագանքին, ես կարծում եմ` մենք հենց հիմա դրանով ենք զբաղված, այդ թվում` ես այս հարցազրույցը տալով դրանով եմ զբաղված»:

Մեր ճշտող հարցին` Արփիի պարը տարածե՞լն էր կարևոր արձագանքը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Այո, ես դա շատ կարևոր արձագանք եմ համարում, մանրամասնությունները, եթե կհետաքրքրի, ես հետագայում կասեմ: Դա շատ լավ և շատ կարևոր քաղաքական արձագանք էր»:

Իշխանական պատգամավորի խոսքով` վարչապետի կողմից իր դստեր պարը տարածելու ուղերձն այն էր, որ մենք` բոլորս, զինվոր ենք և բոլորս մեր հայրենիքի համար միակամ ենք:

Մանրամասն` տեսանյութում:

hraparak.am