«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ուշքն ու միտքը ծառայությունն էր»․ մանրամասներ զոհված զինծառայողների մասին. armeniasputnik.am

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայող Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։

Սոս Էլբակյանը

Համայնքի վարչական ղեկավար Համլետ Տիգրանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց՝ Սոս Էլբակյանը 28 տարեկան էր։

«Սոսն ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու արդեն 6-7 տարի է, ինչ Տավուշի զորամասերից մեկում էր ծառայում։ Նա ամուսնացած չէր, ապրում էր ծնողների, ինչպես նաև եղբոր ու քրոջ հետ։ Տան փոքրն էր»,-ասաց Տիգրանյանը։

Տիգրանյանի խոսքով՝ Սոս Էլբակյանի ուշքն ու միտքը ծառայությունն էր, շատ էր նվիրված ծառայությանը։ Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, ապա, ըստ Տիգրանյանի, սովորական «գյուղացի ընտանիք է՝ խեղճ ու կրակ ապրող»։

Հակառակորդի կրակոցներից զոհված մյուս զինծառայողը՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Համայնքի աշխատակազմի ղեկավար Աննա Պլուզյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ Գարուշը 31 տարեկան էր։ Նա ամուսնացած էր, ուներ 7-ամյա որդի։

Գարուշ Համբարձումյանը

Ինչպես արդեն հայտնել էինք, ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈւ երկու զինծառայող են զոհվել՝

մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

Այսօր առավոտյան Ստեփանյանը տեղեկացրեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է։

armeniasputnik.am