Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարածելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը:
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանն այս մեկնաբանությունն իր էջում հրապարակել է նաև անգլերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը, իսկ ՀՀ կառավարության տարածած տեսանյութում ներկայացված էին արդեն գիշերը տեղի ունեցած պատժիչ գործողությունների կադրերը:
Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 13-ից թիրախավորում են Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը. 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։