Հայաստանի Տավուշի մարզում օրը համեմատաբար խաղաղ է եղել, և բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց տներ, բնականոն աշխատանքին, որքան հնարավոր է: Ամփոփելով հուլիսի 17-ը, ճեպազրույցում այս մասին նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Անձամբ այցելություն եմ կատարել տներից մեկը, որը վերականգնման ընթացքում է: Ասեմ, որ վերականգնում ենք այն տները, որտեղ երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջվում»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Ընդհանուր առմամբ, Հայկ Չոբանյանը տեղեկացրել է, որ վերականգնման աշխատանքները սկսված են, կատարվել է շինանյութերի մատակարարում: Մասնավորապես, շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Այգեպար գյուղում: Մարզպետը նշեց, որ վաղը կսկսվեն աշխատանքները Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:
«Բնակիչները հարցնում էին, թե արդյոք չենք շտապում: Իմ պատասխանը եղել է հետևյալը՝ ոչ: Մենք պետք է անմիջապես անցնենք վերականգնողական աշխատանքներին: Քաղաքակիրթ կյանքը նաև սահմանապահ գյուղի բնակիչների համար է, անկախ նրանից, թե սահմանին ինչ վիճակ է»,- ասաց մարզպետը: