Ուկրաինացի Մաքսիմ Կրիվոշը, որը հուլիսի 21-ին Լուցկում գրավել էր ուղեւորատար ավտոբուսը, բացահայտել է իր նախնական պլանները: Այս մասին գրում է «Страна.иа»:
Նա հայտարարել է, որ սկզբում պատրաստվում էր գրավել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Սուրբ Երրորդություն մայր տաճարը, որը գտնվում է Լուցկում: Տղամարդն այնտեղ սովորել է հոգևոր ճեմարանում։
«Քանի որ այն փակ է կարանտինի պատճառով, ես ստիպված էի այլընտրանքային տարբերակ ընտրել», – նշել է Կրիվոշը:
Կրիվոշի նկատմամբ Հուլիսի 23-ին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրում են ահաբեկչական գործողություն կատարելու, պատանդներ վերցնելու, իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգության եւ զենքի ապօրինի շրջանառության մեջ։
Կրկնակի դատված Մաքսիմ Կրիվոշը հուլիսի 21-ին ավտոբուս է գրավել Լուցկում։ Նա պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համացանցում իր ուզած տեքստը պարունակող հայտարարություն տեղադրի: Երկրի ղեկավարը ենթարկվել է եւ համապատասխան տեսանյութ է ձայնագրել։ Դրանից հետո պատանդառուն ազատ է արձակել պատանդներին եւ հանձնվել։