ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի պատրաստվում լքել խմբակցությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատգամավորն ապատեղեկատվություն որակեց խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ լուրերը։ Նրա փոխանցմամբ՝ խմբակցությունը լքելը պետք է հիմնավոր պատճառներ ունենա, որի մասին պետք է իմանա խմբակցության ղեկավարը, սակայն նման բան գոյություն չունի։ Գևորգ Պետրոսյանն ընդգծեց՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ որևէ տարաձայնություն չունեն, միմյանց հետ համագործակցում են համերաշխ, փոխադարձ ըմբռնումով. «Առանձին մարդկանց ցանկությունն է՝ նման ինտրիգներ հարուցել, հետո գնալ մութ տեղերը ծափահարել։ Չկա նման բան։ Ինչ վերաբերում է իմ ֆեյսբուքյան էջն ապաակտիվացնելուն, ես պարզապես մի քանի օր առանձին մարդկանց երեսները չտեսնելու համար եմ ապաակտիվացրել։ Տեղեկատվական այդ ավելորդ կեղտը չեմ ուզում մի քանի օր տեսնել, լսել։ Զուտ նյարդային համակարգս հանգստացնելու համար եմ դա արել, բայց խմբակցությունը լքելու մասին խոսք չկա։ Ես հրապարակային գործիչ եմ, ոմանց նման հետևից խաղեր չեմ տալիս, եթե ինչ-որ բան լինում է, առաջինը ինքս եմ բարձրաձայնում, ընդ որում հիմնավորելով տվյալ քայլի անհրաժեշտությունը, բայց նման բան իսկապես գոյություն չունի»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց, որ երեք օր առաջ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկել են ներքաղաքական հարցեր, ինչպես նաև որոշում է կայացվել անցնել հանգստի ռեժիմի, որպեսզի մարդիկ մի փոքր հանգստանան և սեպտեմբերից նոր ուժերով աշխատանքային պարտականություններն իրականացնեն։
Հարցին՝ վերջին շրջանում խոսե՞լ է խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ նրա հետ խոսելու կարիք չունի. «Սերգեյ Բագրատյանն օգտվել է իր իրավունքից, թող ինքը պատճառաբանի և հիմնավորի իր քայլերի իրավական և բարոյական հիմքերը։ Ես պարտավոր չեմ իր գործողությունները հիմնավորել։ Այնպես չէ, որ մեր կուսակցությունը հիմնված է եղել Սերգեյ Բագրատյանի վրա, որ իր դուրս գալը կործանարար նշանակություն ունենա ԲՀԿ-ի համար։ Այո՛, ինքն արել է քայլեր, միշտ նպաստել է ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արդյունավետ գործունեությանը, բայց այնպես չէ, որ Սերգեյ Բագրատյանի հեռանալով կուսակցությունը քանդվեց։ Դա պարզապես սխալ ընտրված տեխնոլոգիա է և ովքեր լծվել են այս գործին, որ ամեն կերպ ցույց տան՝ «Բարգավաճ Հայաստանը» քանդվում է, իրենք ձախողվելու են և ավելի շուտ են քանդվելու»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։
Նա ընդգծեց՝ խմբակցությունից դուրս գալը պատասխանատու քայլ է, իսկ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատերի համար նախանձելի վիճակում են են գտնվում. «Ինձ որևէ մեկն իշխանությունից, առաջին դեմքի մակարդակով ո՛չ իրավունք ունի, ո՛չ էլ այդքան քաջություն ունի նման քայլի դրդելու։ Ես ապրում եմ մաքուր կենցաղով, ունեմ անարատ անցյալ, որևէ մեկը չի կարող ինձ որևէ փաստով սպառնալ, որ ես ահաբեկված լինեմ այդ փաստի հրապարակվելուց։ Երբեմն, ասում են՝ իմ վերաբերյալ տեղեկություններ են հավաքում։ Ինչ տեղեկություն ուզում են հավաքեն, ինչ արել եմ, լավ եմ արել։ Չեմ արել այնպիսի բան, որ գրավեմ քրեական օրենսգրքի ուշադրությունը և չեմ կատարել այնպիսի քայլ, որն ամոթալի լինի ավանդական բարքերով ապրող տղամարդու համար։ Մնացածն ինչ արել եմ, լավ եմ արել»,-շեշտեց պատգամավորը։
Հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Սերգեյ Բագրատյանի դեմ ինչ-որ կոմպրոմատներ են ներկայացվել, ինչն էլ խմբակցությունը լքելու պատճառն է դարձել, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Սերգեյ Բագրատյանի հրաժարականի հիմքերի մասին չի կարող խոսել. «Եթե ես նրա հետ չեմ խոսել, չգիտեմ իր հրաժարականի դրդապատճառների մասին, ինչքանո՞վ է բարոյական, որ հիմա ինչ-որ գուշակություններ անեմ։ Տեղյակ չեմ Բագրատյանի հրաժարականի շարժառիթներից։ Ինքը՝ որպես հրապարակային քաղաքական գործիչ, պարտավոր է հրապարակայնորեն հայտարարել իր հրաժարականի պատճառները, որպեսզի այդ հարցերով ուրիշ պատգամավորների չանհանգստացնեն։ Վերանանք անձերից, ցանկացած քաղաքական գործիչ պետք է ասի, թե ինչու է հրաժարական տվել։ Կհորդորեի Սերգեյ Բագրատյանին մեկ անգամ կա՛մ ասուլիսի ձևաչափով, կա՛մ պարզապես իր ֆեյսբուքյան հրապարակումներով հանրությանը տեղեկացնել, թե ինչու է հրաժարական տվել, որպեսզի այդ հարցով որևէ մեկիս չանհանգստացնեն»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ինքը Սերգեյ Բագրատյանի այդ քայլն արգահատելի կհամարի միայն այն դեպքում, եթե մի օր պարզվի, որ նա խմբակցությունը լքել է ընդամենը անձնական շահերն ապահովելու նկատառումներով։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան