ՍԱՅՔՍ-ՊԻԿՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
1916թ. Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջեւ կնքվեց Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման գաղտնի համաձայնագիր, որի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսն ու ֆրանսիացի ժորժ Պիկոն (այստեղից էլ համաձայնագրի Սայքս-Պիկո անվանումը)։ Այն 1916թ. մայիսի 16-ին Լոնդոնում ստորագրեցին Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը։
1915-ին, երբ ընթանում էր Առաջին աշխարհամարտը, Անգլիան ու Ֆրանսիան Կ․ Պոլիսն ու նեղուցները Ռուսաստանին հանձնելու դիմաց ռուսներից պահանջեցին ճանաչել իրենց հավակնությունները Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների նկատմամբ։ 1915-ի նոյեմբերին, արաբական երկրների բաժանման շուրջ առկա տարաձայնությունները կարգավորելու նպատակով, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան սկսեցին նոր բանակցություններ։
Երբ 1916-ի փետրվարին ռուսները գրավեցին Էրզրումն ու Բիթլիսը եւ մոտեցան Միջագետքի մատույցներին՝ դաշնակիցները շտապեցին իրենց կայացրած համաձայնության մասին տեղյակ պահել Ռուսաստանի արտգործնախարար Սազոնովին։ Վերջինս դժգոհեց, թե նախագծով Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք են բերում զգալի օսմանյան տարածքներ, թեեւ ռուսների համար առաջնահերթը՝ Պոլսի ու նեղուցների ռազմակալման հարցն էր։
«Հայաստան» ու «Հայկական հարց» տերմինները փաստաթղթերում բացակայում էին։ Հետաքրքիր է այն փաստը, որ թեեւ անգլո-ֆրանսիական կողմը ճանաչում էր Արեւմտյան Հայաստանի անցումը Ռուսաստանին, սակայն բրիտանական կառավարության լիազոր Մարկ Սայքսը Ռուսաստանում իրենց երկրի դեսպան Ջ․ Բյուքենենին հղած գրության մեջ (1916, մարտի 12) անհնար էր նկատում հայկական վիլայեթների հանձնումը Ռուսաստանին։
Եռակողմ քննարկումներից հետո դաշնակիցները 1916-ի մարտի 9-ին ստացան Ռուսաստանի համաձայնությունը Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ՝ հավաստելով ռուսների իրավունքները Կ․ Պոլսի ու նեղուցների, ինչպես նաեւ Արեւմտահայաստանի մեծագույն մասի՝ Էրզրումի, Տրապիզոնի, Բիթլիսի, Վանի (ներառյալ Հաքյարի շրջանը) նկատմամբ (Դեղին գոտի)։ Կիլիկիան, Փոքր Հայքն ու արաբական տարածքները ենթակա էին անգլո (Կարմիր գոտի) – ֆրանսիական (Կապույտ գոտի) բաժանման։ «A» ու «B» գոտիները նույնպես ճանաչվեցին համապատասխանաբար Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ազդեցության գոտիներ։ Ամիսներ անց Օսմանյան քարտեզի վրա ի հայտ եկան Կանաչ (հարավ-արեւմտյան Անատոլիա) ու «C» (Անատոլիայի կենտրոնական մասը) գոտիները, որոնք բաժին էին ընկնելու Գերմանիային լքած ու դաշնակիցներին միացած Իտալիային։
Դաշնակիցները Օսմանյան կայսրության բաժանման մասին ամենայն վճռականությամբ հայտարարեցին 1917թ. հունվարի 10-ին։ Արեւմուտքի առաջնորդները Օսմանյան կայսրության կազմաքանդման մասին ավելի հստակ ու բացահայտ սկսեցին խոսել ցարիզմի տապալումից (1917թ․ փետրվարի 27 ) հետո: Օսմանյան տերությունը կորցրել էր Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումները զսպողի, այսպես ասած՝ ռազմավարական պատնեշի գործառույթը: Վիլսոնն ու Լլոյդ Ջորջը նկատեցին, որ «ցարիզմի խորտակումը արմատից փոխեց արեւելյան կնճիռը եւ ռուսական վտանգը վերացավ»: Հետեւաբար, օսմանյան տերությունն այլեւս որեւէ մեկին պետք չէր եւ այն ենթակա էր ոչնչացման:
Համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ Ռուսատանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո: 1917-ի նոյեմբերի վերջին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց դրա տեքստը եւ չեղյալ համարեց այն։ Միաժամանակ բոլշեւիկներն սկսեցին իրենց զորքերը դուրս բերել Արեւմտյան Հայաստանից ու Այսրկովկասից։ Ստեղծված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվեց հօգուտ Մեծ Բրիտանիայի եւ դրվեց հետագա համաձայնությունների հիմքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ 1916 թ․ Սայքս-Պիկոյի համաձայնագրով Օսմանյան կայսրության բաժանման գաղտնի քարտեզը:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: