«Ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի
Advertisement 1000 x 90

«Ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի

Սևանա լճի թափանցիկությունն այս պահին մինչև 4 մետր է. լճում կենսածին նյութերի բավարար քանակություն կա, ինչը նշանակում է, որ լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չի։ Սևանում ուշագրավ պայմաններում կազմակերպված  ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Ասուլիսը նավի վրա է ընթանում, հորդառատ անձրևի տակ։

«2018-ից Սևանում դիտվող «ծաղկման» պրոցեսները սովորաբար սկսում էին հունիսից, սակայն այս տարի հուլիսի 15-ից է սկսվել գործընթացը։ Իրավիճակը հիմա այնպիսին է, ինչ նախորդ տարի, սակայն եղանակային պայմաններից ելնելով` այս տարի ծաղկման գործընթացն ուշ է սկսել և շուտ կավարտվի»,–ասաց Շահնազարյանը։

Նրա խոսքով` լճում վատ էկոլոգիական վիճակ է այս պահին` հատակամերձ շերտում թթվածնի քանակը ցածր է, իսկ սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որպեսզի շարունակվի ծաղման պրոցեսը։

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը հայտնեց, որ ի ուրախություն բոլորի` փոքր Սևանում չունենք կանաչած հատված, իսկ մեծ Սևանում ջուրը շատ քիչ տեղերում է կանաչած։

Ջիլավյանի խոսքով` կառավարության կողմից հրատապ հանձնարարական է տված ձեռնարկել բոլոր միջոցառումները, որ եկող տարի կա՛մ կանաչած տարածք չլինի, կա՛մ էլ քիչ լինեն դրանք։

«Մասնավորապես, Սևան թափվող կեղտաջրերի մաքրման մեխանիզմներ պետք է ներդրվեն և լճի ճահճացած տարածքները պետք է մաքրվեն»,–ասաց նա։

Ջիլավյանն ասաց, որ 2019-ին Վարդենիսի հատվածում 100 հա անտառածածկ տարածք է մաքրվել, իսկ այս տարի արդեն իսկ 50 հա տարածք է մաքրվել։